«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն այսօր ՍԴ-ում ընթացող հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ կարծիք հայտնեց, որ քվեաթերթիկի նմուշը հաստատելիս ԿԸՀ-ն թույլ է տվել ԸՕ 59-րդ հոդվածի խախտում, և որ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին, այն է՝ դրա վրա նշված չի եղել քվեարկության կարգը:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ քվեարկության կարգին վերաբերում է ԸՕ-ի 2-րդ գլուխը, ուստի հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ամբողջ ծավալով տեղեկատվությունը պետք է գրված լիներ քվեաթերթիկին:
Արտակ Գալստյանը հիշեցրեց, որ քվեաթերթիկները բավական մեծ էին, և դրանց դարձերեսին կարող էր տեղավորվել այդ ծավալի տեքստը:
Ինչ վերաբերում է առաջին էջին, նրա խոսքով, այնտեղ գրված է միայն, որ որևէ նշում չպիտի պարունակի ու առավել ևս գրված չէ, թե ինչով նշում. «Դա կարար լիներ գրիչով, կարար լիներ մատիտով, ֆլոմաստերով, կարար լիներ ընդամենը մատնահետքով, կարար լիներ ուղղակի շրթներկով: Դիցուք, ինչ-որ մեկը սիրահարված է Նիկոլ Փաշինյանին ու որոշել է այդտեղ համբույր դնի»,- ասաց Գալստյանը: