Խորհրդարանը քննարկում է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով` 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2020 թվականին Կառավարության ծրագրային առաջնահերթություններին ավելացավ նաև համավարակի և պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անհրաժեշտությունը: Անխուսափելիորեն պետք է տեղի ունենար առաջնահերթությունների վերանայում, որպեսզի դիմակայեին ցնցումներին։
«Տնտեսական անկման մեծությունը ներկայացված փաստաթղթով 7.6 տոկոս է եղել, որից հետո վիճակագրության վերանայմամբ պայմանավորված՝ այն կազմել է 7.4 տոկոս: Անցյալ տարի, երբ վերանայում էինք բյուջեն, բազմիցս տեսակետներ էին հնչում, որ երկնիշ անկումն անխուսափելի էր: Մեր երկրում այդ պայմաններում անկումը եղել է 7.4 տոկոս»,- ասաց Ջանջուղազյանը:
Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի՝ միջին գնաճը գտնվել է կառավարելի միջակայքում, այն կազմել է 1.2 տոկոս: Աշխատանքի շուկայում կտրուկ փոփոխություններ, զարգացումներ տեղի չեն ունեցել, միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 190 հազար դրամ: Բյուջեի պակասուրդը կազմել է 5.4 տոկոս։
2020 թվականին բյուջեն փոխվել է, որի արդյունքում եկամուտների մակարդակը ճշտվել է 141 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 563 մլրդ դրամ։ Ծախսերը չեն նվազել, այլ աճել են 1 տրիլիոն 989 մլրդ դրամ։ Դեֆիցիտը նույնպես աճել է։
Շուրջ 200 մլրդ դրամ ծախսեր են իրականացվել՝ կապված ռազմական գործողությունների և համավարակի հետ։
Պետական պարտքը կազմել է շուրջ 7 միլիարդ 969 միլիոն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 միլիարդ 509 միլիոն դոլար:
«Չնայած բոլոր քննարկումներին՝ պարտքն իր անվանական, հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է մեր երկրին բնորոշ բնութագրեր ունեցող երկրների համար որպես կառավարելի միջակայք, այդուհանդերձ, մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի բնագավառում և կարծում ենք, որ առաջիկա 5 տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արտաքին պարտքի մեծությունը կազմում է 5 միլիարդ 593 միլիոն դոլար։ Սա նույնպես ռիսկեր գեներացնող բաժին է։