Ընտրությունների մասնակիցների շուրջ 20 տոկոսը վերջին երկու օրն է որոշել, թե որ ուժին է քվեարկելու։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանըը։
«Մեր հրապարակած տվյալների մասով կար որոշակի շեղում, բայց կար շատ կտրուկ շեղում մեկ ցուցանիշի հետ կապված»- նշել է նա՝ ներկայացնելով հետընտրական հետազոտության արդյունքները։
Հետազոտողները քաղաքացիների շրջանում հարցում են արել, հետաքրքրվելով, թե երբ են վերջնական որոշել, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Հարցվածների 26,2 %-ը նշել է, որ ընտրություններից ավելի քան 7 օր առաջ է որոշել։ Ընտրություններից 5-7 օր առաջ պատասխանել է 19,8 տոկոսը։
15,7 տոկոսը նշել է, որ ընտրություններից 3-4 օր առաջ։
17,2 տոկոսը հայտնել է, որ որոշում է կայացրել ընտրություններից երկու օր առաջ ։
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ է որոշել հարցվածների 14,3 տոկոսը, իսկ 7,6 տոկոսը նշել է, որ որոշել է հենց ընտրությունների օրը։
Հարցին՝ արդյոք կարծո՞ւմ եք, որ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են արդար և թափանցիկ ու արտահայտում են ժողովրդի կամքը, հարցվածների 38,7-ը միանշանակ դրական է պատասխանել։ 20,1 տոկոսը նշել է՝ ավելի շուտ այո։
Ավելի շուտ ոչ նշել է՝ 18,8 տկոսը և 17,9 %-ը միանշանակ ոչ է պատասխանել։ Հարցին դժվարացել է պատասխանել 4,5 տոկոսը։