00:00:00

Հայաստանում համավարակի դեմ պայքարի նոր քաղաքականություն է մշակվում

16:34, 29 հունիս 2021 Հասարակություն

Կորոնավիրուսի նոր շտամներն աշխարհում մի շարք խնդիրներ են առաջ բերել. բազմաթիվ երկրներում հիվանդացությունն ու COVID-19-ից մահացությունը վերջին շաբաթներին նկատելիորեն աճել են, ինչի հետեւանքով որոշ երկրներում եւ խոշոր քաղաքներում, այդ թվում նաեւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նոր սահմանափակումներ են կիրառվում՝ վարակի տարածումը կանխելու համար: ԱՆ մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այս պահի դրությամբ համաճարակաբանական իրավիճակը կայուն է, բայց պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այլ երկրներում գրանցված իրավիճակը նաեւ Հայաստան չտեղափոխվի: Այդ իսկ պատճառով, Հայաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության փոփոխություն իրականացնել: «Աշխարհում համավարակի հետ կախված իրավիճակը գնալով լարվում է, եւ մենք չենք ուզում, որ Հայաստանն էլ նույն խնդիրների առաջ կանգնի», - ասաց ԱՆ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մասնագետներն այժմ ուսումնասիրում են այլ երկրների փորձը՝ պատվաստումները խթանելու եւ կորոնավիրուսի տարածումը կանխելու ոլորտում, որպեսզի հասկանան, ինչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանում՝ հնարավոր խնդիրներից խուսափելու, համաճարակաբանական իրավիճակը կայուն եւ վերահսկելի պահելու ու հնարավոր խիստ սահմանափակումներից խուսափելու համար: Բազմաթիվ մասնագետների խոսքով, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միակ արդյունավետ մեթոդն այս պահին պատվաստումներն են: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, առկա պատվաստանյութերը արդյունավետորեն պաշտպանում են կորոնավիրուսի շրջանառվող բոլոր շտամներից: Այդ իսկ պատճառով, պատվաստված մարդկանց վրա բազմաթիվ երկրներում գործող սահմանափակումները չեն տարածվում. Մոսկվայում, օրինակ, միայն պատվաստված մարդիկ կարող են ռեստորաններ եւ մի շարք այլ հասարակական վայրեր մուտք գործել: Դեռ հայտնի չի, թե ինչ քայլեր է ներառելու համավարակի դեմ պայքարի նոր քաղաքականությունը եւ դրա շրջանակներում ինչ սահմանափակումներ կարող են ոչ հեռու ապագայում կիրառվել Հայաստանում, սակայն դրանք հավանաբար չեն տարածվի պատվաստված քաղաքացիների վրա, քանի որ վերջիններիս մոտ վարակվելու եւ COVID-19-ի ծանր տեսակով հիվանդանալու հավանականությունը շատ ցածր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր