«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես էլ դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը: Դրա համար օգտագործվում են ինչպես նրա պաշտպանների հրապարակային միակողմանի մեկնաբանությունները, այնպես էլ օրինականության և քրեական իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քաղաքական հայտարարությունները, որոնց պակասը չզգացվեց նաև ՀՀ դատախազության առջև հունիսի 24-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
«Դատախազությունն անհրաժեշտ է համարում արձագանքել այս ընթացքում հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված մի քանի անհիմն պնդումների:
Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում:
Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը:
Որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում: Նախ՝ ներկա պահին Ա. Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: