00:00:00

Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ. ՀՀ նախագահ

22:45, 23 հունիս 2021 Հասարակություն

Մեր շատ խնդիրներ կապված են ոչ ճիշտ սահմանադրության հետ: 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: El Pais պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահն ընդգծել է, որ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել. «Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի: Երբ չկա խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, իսկ մեզ մոտ այն չկա, դա չի կարող արդյունավետ աշխատել»,-նշել է Արմեն Սարգսյանը։ Վերջինս նշել է, որ բացի այդ մենք քրիստոնյաներ ենք և միշտ ուզում ենք փրկիչ ունենալ, ինչը դրսևորվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում։ «Մենք ասում ենք՝ եկեք և փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու: Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը: Եվրոպական ինստիտուտները մեզ հորդորում էին զարգացնել խորհրդարանական ժողովրդավարությունը, սակայն իրականում մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Սա լինելու է առաջիկա տարիների իմ առաքելությունը»,-նշել է նախագահը։ Արմեն Սարգսյանի կարծիքով այս անգամ նախագահական համակարգի պարագայում մենք պետք է այն հավասարակշռենք ուժեղ խորհրդարանով, ինչը հիմա չենք անում: Նախագահը նշել է, որ մեր խորհրդարանը ներկայացուցչական չէ. «Պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որի անդամները կներկայացնեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ վայրեր, կոնկրետ քաղաքներ: Իսկ դրանից հետո պետք է լուծել մյուս առանցքային հարցը՝ ինչպես աշխատել մեր Սփյուռքի հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր