00:00:00

Նախարարությունը՝ էքսկուրսիայի ժամանակ թունավորվածների առողջական վիճակի մասին

22:35, 21 հունիս 2021 Հասարակություն

2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից  10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացված 2 երեխայի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Դեպքի կապակցությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Տավուշի մարզի Չինչին համայնքի բնակիչներ են, ովքեր մեկնել են Լոռու մարզ՝ էքսկուրսիայի: Ճամփորդության ընթացքում մասնակիցները կերել են տնային պայմաններում պատրաստված սնունդ՝ հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ: Նշված սնունդը էքսկուրսիայի ամբողջ ընթացքում պահպանվել է ոչ սառնարանային պայմաններում: Սննդից չի օգտվել միայն վարորդը, վերջինս ախտանշաններ չունի։ Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է հիվանդներից կենսանմուշների (փսխման զանգված և կղանք) և սննդի մնացորդների  նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության նպատակով: Հաշվի առնելով, որ շոգին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ. երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար, խուսափե՛ք աղցաններ օգտագործելուց, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ, ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի, խուսափե՛ք հատապտուղներից և այնպիսի միրգ ու բանջարեղենից, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը, կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ, խորոված պատրաստելիս անպայման հետևեք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը), օգտագործե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ, խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից, ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար, մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր