00:00:00

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ Հայաստանում. Մենք լսել ենք վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված մեղադրանքների մասին

22:14, 21 հունիս 2021 Հասարակություն

Մենք լսել ենք վարչական ռեսուրսների օգտագործման եւ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու հետ կապված մեղադրանքների մասին, եւ դա լուրջ խնդիր է: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին: Նա պարզաբանեց, որ կասկածներ են հնչեցվել ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ այլ կուսակցություններից:
«Մենք լուրջ ենք վերաբերվում այդ մեղադրանքներին: Եղել են խախտումներ, որոնք ճանաչվել են համապատասխան պետական ​​մարմինների կողմից: Ենթադրվում է, որ այդ բոլոր մեղադրանքներին ընթացք կտրվի: Մեր խնդիրն է հետաքննել Ընտրական օրենսգրքի խախտման մասին մեղադրանքների վերաբերյալ գործերի ընթացքը հետընտրական գործընթացների շրջանակներում»,- հավելեց Մերֆին: Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ ընտրությունների օրը խնդիրներ են առաջացել հաշմանդամություն ունեցող անձանց որոշ տեղամասեր մուտք գործելու հետ կապված, տեղեկություններ կան նաեւ, որ ընտրատեղամասերում մարդկանց թիվը երբեմն գերազանցել է սահմանված նորմերը:
«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների աշխատանքին, ապա որոշակի քաղաքական կախվածություն կար: Արձանագրվել են լրագրողների վրա ճնշումների եւ ահաբեկումների դեպքեր: Բացի այդ, բողոքներ են եղել քաղաքական ուժերի կողմից այն մասին, որ նրանք չեն ստացել բավականաչափ եթերաժամանակ՝ իրենց ծրագրերը ներկայացնելու համար»,- շեշտեց նա: Ըստ նրա՝ նախընտրական քարոզչության ընթացքում ագրեսիվ եւ անձնավորված վերաբերմունքը գուցե  փոքր-ինչ խանգարում էին կառուցողականությանը: «Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ ընտրական գործընթացը լավ էր կազմակերպված, ստեղծվել էին հավասար պայմաններ: Մեզ համար ոչ մի խոչընդոտ չկար, մեզ հետ աշխատանքում իշխանությունները թափանցիկ էին՝ այնպես, ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- եզրափակեց Մերֆին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր