ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել parliamentmonitoring.am կայքին։
—Տիկին Նազարյան, ՔՊ—ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան. խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է:
-Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և լինեն մեծամասնություն, կա՛մ էլ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրվի հարուստների փողի միջոցով՝ ընտրակաշառք, աշխատատեղերից ձայների հավաքագրում և այլն, այսինքն իր «ընտրվելու» համար պարտական մնա հարուստներին:
Միանգամից ասեմ, որ ՔՊ-ն հարուստների կուսակցություն չի եղել և չի էլ դարձել այս ընթացքում: Երկրորդ՝ հենց մենք ենք փոխել ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ էր տալիս խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջադրվել տարբեր ընտրատարածքներում, փողի, տնտեսական ազդեցության միջոցով ձայներ է հավաքել և այդ «քաղաքական» կշիռը վերածել տնտեսական հովանավորության, մենաշնորհների և ունեցվածքի պաշտպանության:Մենք գործով ցույց ենք տվել, որ չենք փորձում վերընտրվել հարուստների միջոցով, և մեր հենարանը ժողովուրդն է, որի մեծամասնությունը ունի՛ սոցիալական արդարության խնդիր, մեր ջանքերն էլ ուղղվելու են սոցիալական անարդարությունը վերացնելուն: Եվ այդպես ենք արել:
