00:00:00

Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

17:47, 14 հունիս 2021 Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա կինը, 2018թ. գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային: Այդ նպատակով վերջինս, զանգահարելով «սուրոգատ» մայր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրած՝ Երևանի 45-ամյա բնակչուհուն, հայտնել է, որ դուստրը հղի է, ծննդաբերությունից հետո պատրաստվում է երեխայից հրաժարվել և առաջարկել է 1.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց որդեգրել երեխային: Երևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2018թ. օգոստոսի 20-ին վերջինս ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ամուսնուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է: Դրանից հետո՝ 2018թ. օգոստոսի 23-ին, Երևանի բնակչուհու փաստաբանի ուղղորդմամբ, 29-ամյա կինը երևանաբնակ կնոջ ամուսնու հետ գնացել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժին և դստեր հայրությունը ճանաչելու համար սուտ տեղեկություններ հաղորդել այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի հայրը:
Սակայն երեխայի հայրը և վերջինիս մայրը, տեղեկանալով կատարվածի մասին, հետ են վերցրել երեխային: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը, նրա մորը և երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ փաստաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր