«Հասկանալի է, որ վաղ թե ուշ տարածաշրջանում պիտի կայունություն հաստատվի և մեր հարաբերությունները հարևանների հետ պիտի կարգավորվեն: Պարզապես հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան ոչ թե առաջին քայլը պետք է լիներ, այլ վերջին քայլը պիտի լիներ այդ ճանապարհին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Ըստ քաղաքագետի՝ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, օրինակ՝ ռազմագերիների, Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշակիություն, որ ինչ-որ բանակցություններ են սկսվելու կամ շարունակվելու են:
«Միայն այդ քայլերից հետո պետք է նոր մտածել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, որովհետև եթե մենք այս հարցով սկսենք և ոչ թե ավարտենք, ապա մենք կարող ենք համարել, որ մյուս կարևոր հարցերի վրա խաչ ենք քաշել:
Ադրբեջանը բոլոր ձևերով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի դեմարկացիան և դելիմիտացիան հնարավորինս արագ լինի:
Հանրային հեռուստատեսությամբ բանավեճ էր գնում հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի թեմայով, իրականում դա սահմանային ճգնաժամ չէ. դա հակառակորդի բաց ագրեսիա է, և պետք չէ դա ներկայացնել որպես սահմանային ճգնաժամ:
Փորձում են մեր հանրային գիտակցության մեջ ներդնել այն միտքը, որ դա ընդամենը սահմանային խնդիր է, որը շատ արագ պետք է լուծել: Ադրբեջանն է ցանկանում, որ դա ընկալվի որպես սահմանային ճգնաժամ, մինչդեռ դա բացահայտ ագրեսիա է ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան պետության նկատմամբ, և Հայաստանը հարցը հենց էդպես էլ պիտի դիտարկի և հնարավոր բոլոր միջոցներով կանխի այդ ագրեսիան»,- հայտարարեց Արմեն Բաղդասարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանը փաստացի իշխանություն չունի.
«Ադրբեջանը փորձում է Հայաստանից պոկել առավելագույնը և զուգահեռաբար ճնշել, որպեսզի քանի դեռ Հայաստանում այսպիսի քաոս է, այդ ամենը շատ արագ ամրագրի միջազգային փաստաթղթերով, և խոսքը կոնկրետ սահմանների մասին է»: