Իշխանության համար պարզ էր, որ սա մեր վերջին պատերազմը չէ, բայց քաղաքական շարժառիթներից ելնելով՝ տարվում էր հակապատերազմական քարոզ. Արցախը կորսված է, ունենք ճգնաժամային վիճակ ՀՀ սահմաններին, և հանգուցալուծման տեսանելի ու արդյունավետ ճանապարհ չի երևում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:
«Միանշանակ չէ, որ ՀԱՊԿ-ի արձագանքը կլինի մեր օգտին: Ադրբեջանական կողմի համար այս բանակցությունները ձեռնտու են, քանի որ իրենց պետք է մեր սահմանամերձ տարածքն իբրև վիճելի ներկայացնել: Մեր հասարակությունը հոգեբանորեն ահաբեկված է, քանի որ մեր պարտությունն արդարացնելու համար կասկածելի մի շարք տարրեր, որոնք կռված էլ չէին, սկսեցին սարսափներ պատմել պատերազմից: Երբ մի ուժ անհաջողություն է կրում, հակառակորդին միշտ ներկայացնում է ահարկու կերպով»,- ասել է փորձագետը:
Ըստ Հակոբյանի՝ ոչ միայն խաղաղություն չկա, այլև պատերազմը չի ավարտվել, իսկ իշխանական միջավայրից ասում են՝ այդ ո՞ւմ տղաները պիտի գնան, զոհվեն. «Իշխանությունը քաղում է իր իսկ հոգեբանական քարոզի հետևանքները: Մեր պետությունը ծանր հիվանդ է, խնդիր ունենք առողջացնելու այն: Պետությունն ունի բռնություն գործադրելու լեգիտիմ իրավունք, այս պահին տեսնում ենք այդ դրույթի խախտումը: Իշխանությունը հոգեբանական, իրավական և կազմակերպչական կաթվածի մեջ է: Շարունակաբար սպասում ենք ինչ-որ օգնության, բայց այն չի լինելու»:
Վերլուծաբանի կարծիքով՝ ռուս փորձագետները մեզ հուշում են, որ սեփական ուժերով էլ կարող ենք թշնամուն հեռացնել մեր տարածքից. «Երբ դու քեզ չես պաշտպանում, մեծ եղբայրը որոշակի թեականությամբ կգա քեզ օգնելու: Մենք կամքի կաթված ունենք, վերջին պատերազմից հետո այս իշխանությունը փակվել է արտաքին խնդիրներից, Արցախը տալու գնով փորձում է կարգավորել հարաբերությունները թշնամիների հետ և իշխանություն պահել երկրի ներսում: Սա սնանկ մոտեցում է, քանի որ մեր և թուրքերի խնդիրը քաղաքակրթական և գոյաբանական բախումն է»: