ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Արտակ Ապիտոնյանը խորհրդարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի՝ ՀԱՊԿ–ին պաշտոնապես դիմելու գործընթացին և ընթացքին։ Ապիտոնյանը հիշեցրեց, որ դիմումն ուղարկվել է, եռօրյա ժամկետ է նախատեսված արձագանքի համար։
«Երեք օրվա ընթացքում մեխանիզմը սկսում է աշխատել։ Այն ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ անդամ երկրների մեջ, որի ընթացքում նաև ձևավորվում են համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Դրանք կախված են իրադարձությունների զարգացումից, համապատասխան ընթացք կունենա»։
Հարցին՝ ՀԱՊԿ-ից ի՞նչ ակնկալիքներ կան, մանավանդ, որ որոշ անդամներ բարիդրացիական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, փոխնախարար չմեկնաբանեց, ասաց՝ խորհրդակցությունները կլինի՝ կտեսնենք։
Լրագրողները նաև հետաքրքվեցին, թե ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ինչու չի դիմել միանգամից 4-րդ հոդվածով, Ապիտոնյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ էր հստակ սահմանել իրավիճակը։
«Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ գործընկերների հետ, հասկանալու պրոցեդուրան, նաև պետք է նկատի ունենալ, որ այս գործընթացը երբեք չի գործարկվել։ Սա առաջին դեպքն է»։
Ապիտոնյանը հիշեցրեց՝ իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե ՀԱՊԿ-ի գործընկերներին, թե ԵԱՀԿ գործող նախագահողին, նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամներին։
Փոխնախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն օգտվել է նաև ՌԴ-ին դիմելու գործիքակազմից, քանի որ պայմանագրերով ՌԴ-ն պարտավորվածություններ ունի՝ ապահովելու ՀՀ անձեռնմխելիությունը։
«Նամակն ուղարկման ընթացքում է։ Նամակի բովանդակությունը չեմ կարող բացահայտել»,- եզրափակեց Ապիտոնյանը։
Ֆրանսիայի նախագահի կոչին անդրադառնալով, Ապիտոնյանը նշեց, որ Մակրոնն ակնարկել է ՄԱԿ անվտանգության խորհրդում իրավիճակը քննարկելու, ոչ թե բանաձևի մասին։