Մարդիկ ուզում են նորից զգալ պետության առկայությունը, - EurAsia Daily-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որն, ըստ ամենայնի, կգլխավորի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում։
«Միանշանակ ու ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են ապաշնորհ իշխանության անվերջանալի ձախողումներից ու պարտություններից, որոնցից ամենադաժանն ու ողբերգականը վերջին պատերազմում կրած պարտությունն է, որն իր հետևից ահասարսուռ հետևանքներ է առաջացրել՝ մարդկային զոհեր ու տասնյակ հազարավոր կոտրված ճակատագրեր»,- նշել է նա։
Արթուր Վանեցյանը հավելել է, որ մարդիկ հոգնել են անվերջ շարունակվող պոպուլիստական ստերից, մանիպուլյացիաներից, անիմաստ հակամարտությունից ու խառնաշփոթից,որը ձեւավորվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին փոխհարաբերություններում։ «Հոգնել են անկանխատեսելիությունից, իսկ շատ-շատերը ՝ անելանելիության սուբյեկտիվ զգացողությունից, ժողովուրդն ուզում է վերադառնալ կայունությանն ու խաղաղությանը, անվտանգությանն ու կանխատեսելիությանը, զարգացման կանխատեսելի հեռանկարներին»։
«Ագրեսիվ պոպուլիստները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը կործանման հասցրին։ Մարդիկ երազում են կրկին ստեղծագործ աշխատանքի, գործունակ բանակի, երկրի միջազգային հեղինակության վերականգնման, ապրելու ու զարգանալու հնարավորության մասին։ Մարդիկ ուզում են նորից զգալ պետության առկայությունը»,- ընդգծել է Ա.Վանեցյանը EurAsia Daily-ին տված հարցազրույցում։