Իրանը գլխավոր հյուպատոսություն կբացի Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կբացվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ», - ասել է Իրանի ԱԳ նախարարը, որն այցով գտնվում է Սիրիայում: - Ես հույս ունեմ, որ Սիրիայում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կընդլայնի երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և առևտրային համագործակցությունը»:
Չորեքշաբթի սկսված այցի ծրագրում են բանակցություններ Սիրիայի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկում «աջակցության, որը Իրանը կարող է ցուցաբերել Սիրիային եւ նրա ժողովրդին ինչպես ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ հետպատերազմյան վերակառուցման գործում»: Բացի այդ, արծարծվելու է «իսրայելյան բռնաճնշումներից տառապող պաղեստինցիներին օգնություն տրամադրելու մասին» հարցը:
Զարիֆը Դամասկոսում կհանդիպի նաեւ պաղեստինյան ճակատների առաջնորդների հետ, որոնք տեղակայված են Սիրիայում: