00:00:00

Գործ ունենք շատ վտանգավոր իշխանության հետ, որը գաղտնի գործարքների մեջ է. փորձագետ

20:29, 12 մայիս 2021

Անհասկանալի է, հայկական կողմն ինչո՞ւ է Ադրբեջանին փոխանցում ականապատ տարածքների քարտեզները, ինչի՞ դիմաց, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Ադրբեջանում հայ գերիներ չկան, եթե իրենց մոտ գերիներ չկան, ինչի՞ դիմաց ենք տալիս քարտեզները, ի՞նչ համաձայնություն կա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում հայտարարել է, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։ Ավելին՝ նա ընդգծել է, թե Հայաստանի իշխանությունները գիտակցում են Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու (քարտեզների տրամադրման) անհրաժեշտությունը գիտակցում են և այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։ Արմեն Մանվելյանն արձանագրում է, որ հայկական կողմը հերթական անգամ գնում է միակողմանի զիջումների և Ադրբեջանին տրամադրում է ականապատ տարածքների քարտեզը՝ ոչնչի դիմաց. «Մենք գործ ունենք շատ վտանգավոր իշխանության հետ, որի քայլերը տանում են Հայաստանի թուլացմանը և պետության կործանմանը , սա էլ դրա վկայությունն է, տալիս ենք քարտեզները՝ ոչնչի դիմաց: Սա այն բազմաթիվ անհասկանալի գործարքներից է, ինչպես բանավոր պայմանավորվածությամբ թողեցին, որ հակառակորդը մտնի Սյունիք, թողեցին GPS-ով սահմաններ գծի հակառակորդը, նմանատիպ մի համաձայնության արդյունք է սա, որտեղ Հայաստանի շահը չկա»,-ասաց Մանվելյանը: Փորձագետի խոսքով՝ գործող իշխանությունը ինչ-որ գաղտնի գործարքների մեջ է ադրբեջանաթուրքական տանդեմի հետ, ինչի արդյունքում մենք զիջումների ենք գնում նույնիսկ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո. «Եթե եռակողմ հայտարարություն կոչվածը նայեք, կտեսնեք, այնպիսի տպավորություն է, որ միայն մի հոգի նստել է Բաքվում ու դա գրել, մինչդեռ Պուտինը հայտարարել էր, որ համաձայնագրի վրա երկու կողմերն են աշխատել՝ ամեն բառի, տառի համար կռիվ տալով, բայց եթե կարդաք համաձայնագիրը կտեսնեք, որ հայկական շահ ներկայացնող որևէ անձ այնտեղ չի եղել: Շատ հնարավոր է, որ սրանք ինչ-որ գաղտնի պայմանագրեր են, որ Հայաստանը անընդհատ պետք է գնա զիջումների և սա էլ հերթական զիջումն է»,-ասաց փորձագետը՝ վստահեցնելով, որ այստեղ միանշանակ հայ ժողովրդի և Հայաստանի շահերը չկան: Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե վստահաբար Զանգեզուրի միջանցքը բացվելու է: Դիտարկմանը՝ հնարավոր է Զանգեզուրի միջանցքի հարցը մինչև ընտրություններ չշահարկվի, իսկ ընտրություններից հետո կրկին օրակարգ բերվի, փորձագետն ասաց՝ «Իշխանությունն այնպիսի խայտառակ պայմանագրերի տակ է ստորագրել, որ եթե ադեկվատ մարդիկ գան իշխանության, ապա լրջագույն խնդիրներ են ունենալու պայմանագրերը, համաձայնագրերը չեղարկելու և նոր արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Իշխանափոխությունից հետո նաև պետք է բացահայտվի՝ ինչ դավաճանական սխեմայով են գործող իշխանություններն աշխատել: Եթե այսօրվա իշխանությունները մնան, նրանք կանեն բոլոր տեսակի զիջումները, ամեն ինչ կզիջեն, ոչ թե Զանգեզուրի միջանցք կտան, Մեղրիի միջանցք կտան, այլ Սյունիքը կնվիրեն հակառակորդին»,-ասաց Արմեն Մանվելյանը: Փորձագետի համոզմամբ՝ այսօրվա իշխանության տեսակետները հակառակորդին ձեռնտու է, ուստի ամեն ինչ կանեն, որ օգնեն այսօրվա իշխանությանը, որպեսզի երկարացնի իր իշխանությունը և արագացնեն Հայաստանի կործանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր