ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա պնդումների վերաբերյալ՝ կապված հայ գերիների հետ
2021 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է.
«Անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջին Հայաստանի զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցելու, դեկտեմբեր ամսին ադրբեջանցի զինվորականների զոհվելու ու վիրավորվելու հետ կապված միջադեպերը Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հանցագործություն են։ Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»:
Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:
Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի:
Այս հարցն ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ: