ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «27 տարի առաջ այս օրը Բիշքեկում երեք կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրված համաձայնագրով հաստատվեց արցախյան առաջին պատերազմի հրադադարը, որը խախտվեց 2016-ի ապրիլին, իսկ ավելի լայնամասշտաբ պատերազմով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։
Այս եռակողմ փաստաթղթի ստորագրումը մինչև օրս էլ համարվում է ղարաբաղյան հակամարտության ողջ գործընթացում արձանագրված մեծագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ դրանով ոչ միայն վերջ դրվեց հազարավոր կյանքեր խլած պատերազմին, այլ նաև դե յուրե, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ճանաչվեց Արցախի սուբյեկտայնությունն ու որպես հակամարտության լիիրավ կողմ հանդես գալու իրավունքը։ Հենց այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որը հետագայում ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։