00:00:00

Արման Թաթոյանը դատապարտեց հանրության մի մասին ժեխ, զոմբի, պիցցայակեր, ծախված անվանող հանրային գործիչներին

15:44, 06 մայիս 2021 Քաղաքականություն

Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն և համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ: Նման համոզմունք խորհրդարանում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 2020 թվականի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի քննարկմանը: «Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային, հասարակական-քաղաքական հարթակ բերված նոր ու նախկին, սև ու սպիտակ պիտակավորմամբ դիսկուրսը, որը հասարակությանը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է»,-ասաց Թաթոյանը: Օմբուդսմենը դատապարտեց թե' իշխանության, թե' ընդդիմության ներկայացուցիչների՝ մարդու իրավունքների ոտնահարման և արժանապատվությունը նսեմացնող գործելակերպը, երբ ատելության խոսքի միջոցով երկրում անհանդուրժողականություն է հաստատվում: «Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով Հայաստանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու խրախուսումը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ: Նույն սկբունքով դատապարտելի է իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի օգտագործումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, օրինակ` պիցցայակերներ, ծախվածներ և այլն»,-ասաց Թաթոյանը: Ըստ զեկուցողի` ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նման անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ թե' իշխանության և թե' ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող կեղծ օգտահաշիվներ կան, որոնք խմբերով են գործում ու հնչեցնում են սպառնալիքներ ու բռնության կոչեր: Թաթոյանի գնահատմամբ` սոցիալական մեդիայի ողջ հայկական տիրույթը ողողվել է հայհոյախառն արտահայտություններով ու ատելության խոսքով: «Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին տարիներին ծավալների աճ ստացան, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Քաղաքականությունն իր հիմքում պետք է ունենա մարդու իրավունքները որպես ունիվերսալ բարձր արժեք»,-ասաց Արման Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր