00:00:00

Ռեկտորները հանդես են եկել կոշտ հայտարարությամբ ընդդեմ կառավարության

21:29, 03 մայիս 2021 Քաղաքականություն

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը.
  1. հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի  տեսանկյուններից,
  2. դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․
  1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն, որի արդյունքում համալսարանները փաստացի հայտնվելու են օրվա իշխանությունների անմիջական ազդեցության ներքո՝ դառնալով քաղաքական նկրտումների իրականացման հարթակ։
Նախագծով  նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։
Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։
  1. Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության  միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։
3․ Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։  Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։ Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։ 4․ ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության  նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝  մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից  նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ 5․ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ, Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ Փաստորեն Նախագիծը մշակողների համար ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները կայանում են միայն բուհերի կառավարման խորհուրդների կազմերի փոփոխության մեջ, իսկ համակարգի բովանդակային, ֆինանսական, գործառութային և այլ բարեփոխումները, որակյալ բարձրագույն մասնագիտական կրթության ապահովման և մրցունակ մասնագետների պատրաստման հարցերը դուրս են նրանց մտահոգության շրջանակից։ 6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, հարգալից վերաբերմունք չէ բուհերի նկատմամբ և ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը չի նպաստում  ընդհանուր նպատակների իրականացմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր