00:00:00

Ռուբեն Վարդազարյանը դիմել է դատարան. Պահանջում է վերացնել քրեական գործ հարուցելու եւ իրեն մեղադրանք առաջադրելու ապօրինի որոշումները

19:49, 03 մայիս 2021 Քաղաքականություն

ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բողոք է ներկայացրել՝ վիճարկելով քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարան բողոք է ներկայացվել, որը վերաբերում է անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության հարցին, մասնավորապես, մինչև քրեական գործ հարուցելը և մեղադրանք առաջադրելն անհրաժեշտ էր անձեռնմխելիության պատնեշն անցնել։ Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրումից հետո իրականացված քննչական գործողություններին, ապա Ռուբեն Վարդազարյանի և Անդրանիկ Սիմոնյանի միջև առերես հարցաքննություն է եղել։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք առերեսման ժամանակ Սիմոնյանը պնդել է ցուցմունքը, փորձել է հիմնավորել արդարադատությանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքը, ինչին ի պատասխան Վարդազարյանը նշեց. «Այո, Դուք ճիշտ նշեցիք՝ փորձել է»։ Առերես հարցաքննությունից հետո Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի եղել։ Դիտարկմանը՝ արդյոք կարող ենք արձանագրել, որ վարույթ իրականացնող մարմինը քրեական գործի հարուցմամբ ոչ թե նպատակ էր հետապնդում նախաքննություն իրականացնելու, ապա՝ գործը դատարան ուղարկելու, այլ՝ որոշակի ժամանակահատվածում ինչ-որ գործընթացներից մեկուսացնելու, Վարդազարյանը նշեց, որ չի կարծում, որ հիմա ժամանակն է դրա մասին խոսելու, դեռ վաղ է այդ մասին խոսելը. «Ժամանակը ցույց կտա, միգուցե...»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ հետապնդումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։ Ճնշումները նոր թափ հավաքեցին, երբ դատարաններն ուղղակի սկսեցին չդակել քաղաքական գործերով նախաքննական մարմնի ապօրինի մեղադրանքները՝ արձանագրելով դրանց ապօրինի լինելը։ Իշխանությունները նախ փորձեցին Վարդազարյանի նկատմամբ ճնշումը խստացնել կնոջ միջոցով՝ վերջինիս հրավիրելով հարցաքննության ՀՔԾ, ապա արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալի միջոցով գործ հարուցվեց անձամբ Վարդազարյանի դեմ։ Ընդ որում՝ ըստ շրջանառվող տեղեկատվության, Անդրանիկ Սիմոնյանը Լոռու մարզի դատավորից ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել հենց այդ պայմանով, որ ցուցմունք կտա ընդդեմ Ռ. Վարդազարյանի։ Այս տեղեկատվությունը թեեւ արդեն վաղուց է շրջանառվում, սակայն պաշտոնական աղբյուրները չեն հերքել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր