Ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են դաժանություններով ու գլխատումներով: Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին:
«2021թ. ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական զինված հարձակումներին Արցախի նկատմամբ, որի ժամանակ թիրախային հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությունը: Թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:
Ադրբեջանական կողմն օգտագործել է արգելված կասետային զինատեսակներ՝ թիրախային հարվածներ հասցնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինված հարձակումներից սպանվել ու վիրավորվել են նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչներ: