00:00:00

Ընտրական գործընթացին խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

23:39, 28 ապրիլ 2021 Քաղաքականություն

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար: Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը տեխնիկական մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Նա նշեց, որ իր առաջարկությամբ նախագծից հանվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու մասին դրույթը: Ըստ Հովակիմյանի՝  այդ դրույթի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, մասնավորապես՝ այն կարող է երկակի մեկնաբանությունների կամ տարընթերցումների տեղիք տալ:
Հեղինակը հայտնեց, որ նախագծում լրացվել է նաև, որ լռության օրը և քվեարկության օրը համացանցով քարոզչություն կատարելու համար նույնպես վարչական տույժ է սահմանվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր