Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել BBC Weekend ծրագրին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արա Այվազյանն ընդգծել է, որ այդ ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Արա Այվազյանն անդրադարձել է նաև հարցին, թե ի՞նչպիսի ազդեցություն կունենա Բայդենի հայտարությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:
Հարց. Ո՞րն է ձեր պատասխանը Նախագահ Բայդենի հայտարարությանը: Մի՞թե սա այն էր, ինչ ակնկալում էիք:
Արա Այվազյան. Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանքի համար: Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը: