00:00:00

ԱԺ նախագահը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդրին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակեց, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Այս փաստը, ըստ ԱԺ նախագահի, վկայում է երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Խորհրդարանի խոսնակն անդրադարձավ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային եւ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության պարտավորությունների չկատարմանն Ադրբեջանի կողմից: Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը, հրաժարվում  վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց՝ նրանց նկատմամբ արհեստական քրեական գործեր հարուցելով: ԱԺ նախագահը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ չի իրացվել արցախահայերի ազատ ինքնորոշման իրավունքը, եւ անհրաժեշտ է շարունակել այս ուղղությամբ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Արարատ Միրզոյանը բարձր գնահատեց լիտվացի մի խումբ պատգամավորների սկզբունքային դիրքորոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձի գործընթացը: Լիտվայի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշեց, որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա ընդգծեց, որ չնայած համավարակի եւ պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին եւ Լիտվայի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու բարեփոխումների օրակարգին: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա հայտնեց, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից, եթե ցանկություն ունի կառուցողական երկխոսություն ծավալել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ոլորտային բարեփոխումների օրակարգը եւ հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական, միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության վերաբերյալ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր