00:00:00

Արծվիկ Մինասյանի զարմիկին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, քանի որ ըստ քննիչի, հավանականությունը մեծ է, որ նա կմասնակցի բողոքի ակցիաների

22:57, 26 ապրիլ 2021 Քաղաքականություն

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ տղային՝ Հայկ Հեքիմյանին, մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նրա փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է իր պաշտպանյալին եւ վերջինս էլ պաշտպանվել է։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վրա առկա վնասվածքները արձանագրվել են թե՛ դատարանի կողմից, թե՛ ՁՊՎ-ում, թե՛ հիվանդանոցում, վնասվել է աչքը և քիթը, հավանականություն կա, որ քիթը կոտրվել է, սակայն առ այսօր դատաբժիշկ չի տեսել իր պաշտպանյալին, որևէ գործողություն չի իրականացվել։ «Այդ հարվածներից հետո պաշտպանյալս, հասկանալով, որ իրեն հարվածում են՝ պաշտպանվելու համար, ինչպես նաև, արդեն իսկ գտնվելով լարված իրավիճակում, հակադարձ հարված է հասցրել այդ անձին՝ երկու անգամ և բաց ափով»,- նշեց նա՝ հավելելով, որ դրանից հետո շուրջ 2 ժամ իր պաշտպանյալը եղել է դատախազության շենքի տարածքում, կան տեսագրություններ, որ դեպքից հետո անձը մնում է այնտեղ, օգնություն է ցույց տալիս ոստիկանության ծառայողին, ում ինքնազգացողությունը վատացել էր, իսկ հաջորդ օրը մասնակցել ջահերով երթին, որի մեկնարկից առաջ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հեքիմյանին, ապա՝ քննչական վարչությունում ձերբակալել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Փաստաբանի խոսքերով՝ նախաքննական մարմինը նշել է, թե Հեքիմյանին ձերբակալել են փախուստը կանխելու նպատակով, մինչդեռ փախուստի հանգամանք չկար։ Ավելին, դատարանը եւս արձանագրել է, որ Հեքիմյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ՝ բավարարելով ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը ու ազատ արձակել նրան։ Սակայն վարույթ իրականացնող մարմինը շտապել է նրան մեղադրանք առաջադրել եւ կալանավորելու միջնորդություն ներկայացրել։ Գալստյանի խոսքով՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար պատասխանատվություն է նախատեսվում, բայց դա պետք է կապված լինի անձի՝ իր լիազորությունների կատարմամբ, այսինքն՝ պետք է ուղղված լինի այդ լիազորությունները կա՛մ դադարեցնելուն, կա՛մ ի հակադրությունը, մինչդեռ՝ Հեքիմյանը հարվածել է, որովհետև իրեն են հարվածել, հակադարձ հարված է տվել, ինչն արձանագրված է նաև տեսագրություններում։ Բացի դա՝ պաշտպանը հայտնեց, որ նշված հանգամանքն ընդունել է նաև ոստիկանության ծառայողը՝ առերես հարցաքննության ժամանակ՝ նշելով, որ ինքը դիտավորյալ չի հարվածել, ձեռքերն անկանոն շարժել է, բայց հնարավոր է, որ կպած լինի և հնարավոր է, որ դրանից տպավորություն լինի, թե հարվածել է։ Փաստաբանի խոսքով՝ այս պայմաններում արարքը դառնում է միջանձնային։ «Ուղղակի ես չեմ հասկանում՝ ինչպես են մեկնաբանում, որ ոստիկանի կողմից անձին հարվածելն իր լիազորությունների իրականացում է, լիազորությունների շրջանակներում է »,- նշեց Գալստյանը։ Ինչ վերաբերում է Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության հիմքերին, ապա նախաքննական մարմինը դրել է խոչընդոտելու ռիսկը։ «Ըստ նախաքննական մարմնի՝ մեր պաշտպանյալը կարող է երևի վերացնել նյութերը, դատախազության տեսագրող սարքերի տեսագրությունները և ըստ նախաքննական մարմնի, երևի կարող է ճնշում գործադրել ոստիկանի դեմ, որն իր դեմ արդեն իսկ ցուցմունք է տվել և առերես պնդել»,- նշեց նա՝ հավելելով, որ նշվել է նաև, որ իր պաշտպանյալը կարող է նոր հանցանք կատարել, բայց ոչ ուղղակիորեն, մասնավորապես, նշվել է, թե՝ հաշվի առնելով ՀՀ-ում հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված բողոքի ակցիաները, մեծ է հավանականությունը, որ Հեքիմյանը կրկին կմասնակցի բողոքի ակցիաների և կրկին կհարվածի ոստիկանի։ «Մարդիկ արդեն սևով՝ սպիտակին նշում են իրենց ձերբակալման և կալանավորման նպատակը, ասում են՝ չենք ուզում մասնակցի ակցիաներին, դրա համար ձերբակալում, կալանավորում ենք»,- նշեց նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր