ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, դրա համար պրակտիկա կա՝ 2018 թվականին խորհրդարանի լուծարումը եղել է հենց այդպես։
«Ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այն ժամանակ այդ ձևով է մեկնաբանվել, և ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան։ Հիմա, ըստ այդ պրակտիկայի, որքանով հասկանում եմ, նույն բանը տեղի է ունենում։ Այն ժամանակ այդ պրակտիկան չեն վիճարկել, այսօր ուզում են վիճարկեն՝ թող վիճարկեն, ի՞նչ ասենք։ Ավելին ասեմ՝ այդ օրենքներն այնպես են գրվել, գիտեք ում համար են գրվել, որ ինչ ուզենան՝ անեն, հիմա գրել են, իրենք էլ ինչ ուզում՝ անում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարի մեկնաբանությամբ, այդ օրենք գրողներն այսօր բողոքում են, որ գրել են օրենքներ, որով ինչ ուզում՝ անում է այսօրվա իշխանությունը, այն դեպքում, երբ այդ օրենքներն իրենք գրել էին, որ ինչ ուզեին՝ անեին։
«Թող իրենք իրենց օրենքները տանեն ՍԴ-ում վիճարկեն, այս իշխանություններն այդ օրենքները չփոխեցին, դրա համար էլ ասում ենք, որ երկուսն էլ պետք է հեռանան՝ նրանք այս օրենքները գրողներն են, սրանք էլ՝ կիրառողները։ Հիմա Էդմոն Մարուքյանից այդ հարցով ի՞նչ եք ուզում, ո՛չ ես գրել եմ, ո՛չ էլ այդ պրակտիկան եմ հիմնադրել։ Օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ, ինձ համար ի՞նչ տարբերություն»,- փոխաբերական ձևակերպումներով խոսքը համեմեց իրավաբան Էդմոն Մարուքյանը։