Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13,104,247.3 հազ. դրամ) ավելացրեց 2,78 մլրդ դրամով դրամով։
Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով այս փոփոխության համար հիմք է ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները:
Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին եւ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ):
«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտություններիլիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը, ինչը կրեւոր է տնտեսության զարգացման համար»,-ասաց փոխնախարարը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը եւ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է ավելացնել՝
պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտոմ կադրերի ներգրավմանը եւ ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։
Գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը կավելանա շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը:
Այս փոփոխությունը ներառում է նաեւ առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Մրցույթի իրականացումը հնրավորություն կտա ավելի էֆեկտիվ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաեւ հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։