«Առանց Նիկոլ Հայաստան»-ի առաջին քայլը առանց Նիկոլ ընտրություններ անցկացնելն է: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից ու երթից հետո
NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Դրա մասին բոլորն են խոսել: Իրար մեջ հազար հարց ունեցող նախկին երեք նախագահները նույն տրամաբանությամբ հայտարարություն են արել: Բոլորը հասկանում են, որ եթե Նիկոլով եղավ ընտրություն, սա նախ կվերածվի քաղաքացիական կռվի ամեն տեղամասում: Իսկ եթե, Աստված մի արասցե, այդ ամենի վրա թքած ունենալով Նիկոլը փորձի վերարտադրվել, այս երկիրը կմտնի մի երկարատեւ մղձավանջի մեջ: Նրան հեռացնելը կդառնա հետընտրական պրոցեսի գլխավոր հարցը»,-ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ Հայաստանի երեք եւ Արցախի 2 նախկին նախագահները ընտրությունները Նիկոլ Փաշինյանի միջոցով իրականացնելու վտանգն են տեսնում. «Եթե ընտրությունը սեփական իշխանությունը պահելն է, դա լինելու է կյանքի-մահու ընտրություն»,-ասաց նա: