Մենք պետք է մեզ հարց տանք՝ Հայաստանը Արցախի անվտնգության երշխավորն է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե այսօր՝ Հայաստանից Արցախ զորակոչ չկա, իսկ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով:
«Այս հարցի պատասխանը քաղաքական իշխանությունը պետք է տա: Այդ պարագայում բանակի ձեւավորումն ուրիշ ձեւ է կատարվում: Եթե Հայաստանն այսօր հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխիք լինել, եւ Արցախի միակ երաշխիքը խաղաղապահ ուժերն են, ապա այդ մասին պետք է հայտարարվի: Իսկ եթե անվտանգության երաշխիքն է, ապա բնակը պետք է այնտեղ ներկա լինի: Այսօր արդեն մեկ զորակոչ չի գնացել, արձակուրդ եկածները չեն վերադարձել»,-ասաց նա:
Հարցին, թե դա հատո՞ւկ է արվում, Մովսես Հակոբյանը բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում, որ հատուկ է արվում, ուղղակի առիթից օգտվում են եւ որոշակի խնգարող հանգամանքներ կան: Այս պարագայում Արցախի բանակի ստեղծումը որպես առանձին մարմին, օրհասական է՝ իհարկե փոխգործակցելով ՀՀ զինված ուժերի հետ: Եթե քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ըստ ստորագրած պայմանագրի ՀՀ-ն չի կարող հանդիսանալ Արցախի անվտանգության երաշխիք, ապա Արցախը արագ պետք է ստեղծի իր զինված ուժերը: Դրան զուգահեռ պետք է ստեղծվեն Հայաստանի զինված ուժերը, որի նպատակները եւս պետք է փոխվեն»:
Նա հավելեց, որ Արցախում բանակ ստեղծելու ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, բայց շատ դանդաղ եւ կա մտավախություն, որ կարող ենք ուշանալ: