00:00:00

Ֆիլիպիններում կորոնավիրուսի նոր տարբերակ եւ բրազիլական շտամ են հայտնաբերել

14:45, 13 մարտ 2021

Ֆիլիպինների իշխանությունները շաբաթ օրը հաստատել են կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերումը հանրապետությունում: Ինչպես հայտնում է ABS-CBN մեդիախումբը, շտամը ստացել է P.3 անվանումը, եւ մինչ այժմ հայտնաբերվել է 98 նման դեպք: Բացի այդ, Առողջապահության նախարարությունը հաստատել է Բրազիլիայից վերադարձած ֆիլիպինցու մոտ բրազիլական տարբերակի (P.1) առաջին դեպքի հայտնաբերումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա տվյալներով՝ P.3 եւ P.1 տարբերակները նույն ծագումն ունեն՝ B.1.1.28: Դեռ ապացուցված չէ, որ այս շտամն ավելի վարակիչ է կամ կարող է պատվաստանյութի արդյունավետության հետ կապված խնդիրներ առաջացնել: P.3-ի մասին հայտարարությունը հնչեցվել է Առողջապահության նախարարության հաստատումից գրեթե մեկ ամիս անց, երբ Վիսայի կենտրոնական մարզում ստացված նմուշներում հայտնաբերվել էին E484K եւ N501Y երկու մուտացիաները: Շաբաթ օրը մասնագետները հայտնեցին, որ իսկզբանե P.3-ը հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 85 դեպքում: Ավելի ուշ եւս 13 վարակված էր հայտնաբերվել: Առողջապահության նախարարությունում նշել էին, որ դեռ նոր շտամը «մտահոգություն առաջացնող տարբերակ չէ, քանի որ առկա տվյալներն անբավարար են եզրակացնելու համար՝ արդյոք դա լուրջ հետեւանքներ կունենա հանրային առողջապահության համար»: Չնայած P.3-ն առաջին անգամ հայտնաբերվել էր Ֆիլիպիններում, Առողջապահության նախարարությունը լրագրողներին հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «խորհուրդ չի տալիս տեղանքներն  (դեպքերի հայտնաբերման) օգտագործել տարբերակները նշելու համար», ուստի այն պետք չէ ֆիլիպինյան շտամ անվանել: «Այսպես կոչված բրիտանական եւ հարավաֆրիկյան տարբերակներն այդպես էին պիտակավորվել, քանի որ դրանք առաջին անգամ գրանցվել են այդ երկրներում: P.3 տարբերակը պետք է ավելի ճշգրիտ նկարագրվի ոչ թե որպես ֆիլիպինյան տարբերակ, այլ որպես տարբերակ, որի մասին առաջին անգամ հաղորդվել է Ֆիլիպիններում»,- նշել են գերատեսչությունում: Հատկանշական է, որ կառավարության հայտարարությունից առաջ առողջապահության նախարարության տեխնիկական խորհրդատվական խմբի անդամ, դոկտոր Էդսել Սալվանան գրառում էր արել Facebook-ում, որտեղ ֆիլիպինյան տարբերակն արդեն ստացել էր P.3 անվանումը: Ավելի ուշ հաղորդագրությունը խմբագրվել էր, դրանից հանվել էր «ֆիլիպինյան տարբերակ» արտահայտությունը: 2020 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում հայտնաբերվեց կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Մինչ օրս հանրապետությունում վարակվածների թիվը գերազանցել է 611.6 հազարը, բուժվել է 546.9 հազար հիվանդ, մահացել է ավելի քան 12.6 հազար մարդ: Իշխանությունները հաստատել են երեք պատվաստանյութերի արտակարգ օգտագործումը՝ Ամերիկյան Pfizer ընկերության եւ գերմանական BioNTech ընկերության, AstraZeneca բրիտանա-շվեդական կոնսորցիումի եւ Sinovac չինական ընկերության: Մարտի 1-ին բուժաշխատողներից սկսվեց պատվաստումը CoronaVac  դեղամիջոցով, որի 600 հազար դեղաչափ տեղ էր հասցվել փետրվարի 28-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր