00:00:00

Ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանն ու Կամչատկայի հայերի միության նախագահը

13:26, 13 մարտ 2021

Հայաստանից հեռու, բայց հայրենիքի խնդիրներով և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ։ Աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանը քաղաքակամ մի շարք հանդիպումներ է ունեցել։ Օրակարգում երկրի առջև ծառացած խնդիրներն են և դրանք հաղթահարելու լուծումները։ Առաջին հանդիպումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ է եղել։ Այն կայացել է մարտի 10-ին։ Ի՞նչ հարցեր են քննարկել կողմերը, Irakanum.am-ը զրուցել է Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանի հետ։ «Պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի զարգացման հեռանկարները: Ներկայումս մեր հասարակությունը գտնվում է խորը պառակտվածության վիճակում, որը հաղթահարելու համար մեզ պետք է ուժեղ առաջնորդ: Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի փորձը, ունակությունները, նրա կատարած աշխատանքը, ինչպես նաև այն, որ նա պատերազմ տեսած, պատերազմի ընթացքում երկիր ղեկավարած և հաղթանակած առաջնորդ է՝ կարծում եմ, որ նա պետք է ունենա իր ներդրումը Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու գործընթացում: Մեզ անհրաժեշտ է, որ հասարակությունը լինի միաբանված առկա մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ասաց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստակամությունն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի կայունացման, վերականգնման և հետագա զարգացման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերականգնման հարցում: Արթուր Խաչատրյանը նկատում է՝ ցավոք, վերջին երեք տարիների ընթացքում այդ կապերը, կարելի է ասել, լիովին փլուզվել են: «Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պես անհատը, ով ունի ղեկավարման հարուստ փորձ, ցանկացած իրավիճակում և ինչ կարգավիճակում էլ լինի կծառայեցնի իր հնարավորությունները հանուն հայրենիքի: Այսօր ամբողջ աշխարհը, կարծես, թեքվել է մեզնից: Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի վարկն ու հեղինակությունը, ռազմավարական դաշնակիցների և հարևան պետությունների հետ հարաբերությունները հասցնել նախկինում եղած մակարդակի և ձգտել ավելի զարգացնել դրանք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից։ «Ռ. Քոչարյանի հետ զրույցում ես առանձին նշեցի, որ հարգանքի է արժանի նրա դրսևորած կեցվածքը վերջին երեք տարիներին իր անձի դեմ նախաձեռնված անօրինական հետապնդումների ընթացքում: Նա գործել է և գործում է օրենքի տառին և ոգուն համապատասխան, պաշտպանում է իր իրավունքները օրինական ճանապարհով և չի դիմել այնպիսի քայլերի, որոնք կհանգեցնեին հասարակական ցնցումների»: Ըստ Կամչատկայի հայերի միության նախագահի՝ Ռ. Քոչարյանի օրոք Հայաստանում եղել են մեծ ներդրումներ, տնտեսական աննախադեպ, երկնիշ աճ, նոր աշխատատեղեր են ստեղծվել: «Վերջին երեք տարում մենք չենք տեսել որևէ լուրջ օտարերկյա ներդրում Հայաստանում և ականատես ենք լուրջ տնտեսական հետընթացի: Սա անհանգստացնում է Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց թե Հայաստանում, թե Սփյուռքում»,- ասաց նա: -Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է մոտ երեք միլիոն հայ, որոնց համար Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր հարց է: Խաչատրյանի համոզմամբ, այդ հարաբերությունները պետք է հետևողականորեն զարգանան, ինչպես դա եղել է նախկինում: Այս պատերազմը ցույց տվեց, թե ով է իրականում Հայաստանի կողքին: Ռուսաստանը օգնել է մեզ պատերազմի ընթացքում, հենց Ռուսաստանի ջանքերով էլ պատերազմը դադարեցվեց: «Պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք նաև Արցախի հետ կապված ներկայիս զարգացումները, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվել և դրան ավելացել են նաև Սյունիքում մեր սահմանների, սահմանամերձ բնակավայրերի և բնակչության անվտանգության հարցը, Սյունիքում ազատ տեղաշարժվելու հետ կապված խնդիրները: Հայաստանում փաստացիորեն անիշխանություն է, երկիրը գտնվում է քաոսային իրավիճակում: Այս ամենը հանգեցնելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, պետականության համար անվերահսկելի, անդառնալի կորուստների: Պետք է ջանքեր գործադրել այդ հարցերը շուտափույթ լուծելու համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը, եզրափակելով, որ որեւէ քաղաքական կուսակցության անդամ չի հանդիսանում, պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում օգնել երկրին և կանգնել այն անձի կողքին, ով ունակ է զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր