2015-16 թվականների համեմատ 2020 թվականին ՄԻՊ գրասենյակին հասցեագրված բողոքներն անգամներով աճել են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունենքրի պաշտպան Արման Թաթոյանը։
«Մեր աշխատանքի ծանրաբեռնվածությունը շեշտակի աճեց, երբ բոլորովին նոր ոլորտներ ընդգրկեց պատերազմի ընթացքում և պատերազմից հետո։ Դրանք ռազմագերիների վերադարձի և անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներն են և անընդհատ այցերը սահմանային բնակավայրեր», - ասաց Արման Թաթոյանը։
Նշենք, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ գործունեության տարեկան բյուջեն։
Թաթոյանն ասաց, թե պետական բոլոր մարմինների բողոքները գալիս են պաշտպանի գրասենյակ.
«Պատկերացնո՞ւմ եք մեր աշխատանքի հսկայական ծանրաբեռնվածությունը։ Ինչքան նախարարություն և պետական մարմին ունենք, բոլորից բողոքները գալիս են մեր գրասենյակ։ Սա շատ ավելի մեծացնում է մեր ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը դիտարկում եմ նաև այլ համատեքստում։ Սրանից որոշ ժամանակ առաջ մեզանից վերցրին նաև մեր մեքենաների մի մասը»։
Պաշտպանն ասաց, որ իրեն կառավարությունից ասել են նաև, թե միևնույն է՝ ՄԻՊ աշխատակազմի բյուջեն Ազգային ժողովն է ընդունում, և եթե կառավարությունը նույնիսկ ընդունի այդ կրճատումները, Ազգային ժողովն այն չի հաստատի։
ԱԺ-ն, այս դեպքում, ըստ Թաթոյանի, ընդհանրապես չգործող երաշխիք է, քանի որ կառավարող խմբակցության կազմում կա 83 պատգամավոր։
«Եվ այս օրենքը փոխելու համար անհրաժեշտ է 80 պատգամավոր։ Հետևաբար՝ քաղաքական որոշում կայացնելու դեպքում ընդդիմությունը, եթե ամբողջությամբ էլ դեմ քվեարկի, օրենքը, միևնույն է, փոխվելու է։ Ստացվում է, որ նաև կառավարող խմբակցության որոշումից ես կախվածության մեջ ընկնում», - ասաց Թաթոյանը։