00:00:00

Եղբայրս անմահացավ կարոտը սրտում, իսկ մենք մնացինք կարոտով սպասելով

13:35, 06 մարտ 2021

Բարի, ընկերասեր ու կյանքը սիրող։ Այսպիսին է եղել ու այսպիսին միշտ կհիշեն հարազատներն ու ընկերները Փայլակ Սերժիկի Սահակյանին, 20- ամյա զինվորին, ով կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Փայլակ Սահակյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղից էր։ Քույրը՝ Արեւիկ Սահակյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը դեռ փոքրուց բավականին չարաճճի է եղել, լի էներգիայով։ «Աշխատասեր էր, ձգտող, նվիրված իրեն շրջապատողներին։ Դասընկերների հետ շատ էր կատակում, միշտ ուզում էր բոլորը ժպտան։ Իմ եղբայրը եղել է այն հերոսներից մեկը, ով կյանքի մինչև վերջին վայրկյանը պայքարել է թշնամու դեմ»,- ասում է Արեւիկ Սահակյանը։ Իր տեսակով լուսավոր, միշտ ժպիտը դեմքին, շատ ընկերասեր, խիզախ, ազնիվ, բարի, հոգատար։ Այսպես է նկարագրում եղբորը Արեւիկը։ «Առաջինը օգնության հասնող, դուխով, ջիգյարով, շատ մեծ շրջապատի տեր անձնավորություն, իրական ընկեր ու եղբայր, ում կողքին դու միշտ պաշտպանված ես եղել։ Իր տարիքի համեմատ նա շատ մեծ էր երևում, թե մտածելակերպով և թե վարքով։ Ընկերները նրա համար շատ թանկ էին և նա պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների։ Իր կողքով քայլելիս ինձ միշտ պաշտպանված էի զգում։ Միշտ ինձ ուղեկցել է իմ կյանքի ամենակարևոր պահերին, ինձ թև ու թիկունք է եղել չնայած նրան, որ ինձնից տարիքով փոքր է եղել։ Բոլորի բարձր տրամադրությունը նա ապահովվում էր իր ժպիտով, իսկ հիմա իրենից հետո այդ ուրախությունն ու ժպիտը կորել է։ Նրա ծիծաղը ականջներումս է, ժպիտը աչքիս առաջ ու նրա խորհուրդները հիշողությանս մեջ»,- նշեց Փայլակ Սահակյանի քույրը։ 20- ամյա Փայլակ Սահակյանը զոհվել է Արցախում, հոկտեմբերի 11-ին, թեժ մարտերի ժամանակ։ «Եղբայրս անմահացավ կարոտը սրտում, իսկ մենք մնացինք կարոտով սպասելով։ Նրա հետ մեր տան արևը, լույսը, ուրախությունը մարեց։ Հիմա մենք ապրում էնք մեր հրեշտակի մասին հիշողություներով»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր