Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահական որոշ հիմնարկների շենքային բարեկարգ պայմանների ապահովմանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկման առաջին թեման վերաբերել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շահագործմանը և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին:
Զեկուցմամբ նախ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կատարվելիք շինաշխատանքների ամբողջ ծավալն ու դրանց ավարտի հնարավոր ժամկետները:
Նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետներում սկսել այդ աշխատանքները՝ միաժամանակ առողջապահության նախարարին տալով ցուցում զուգահեռ զբաղվել սարքավորումների ձեռքբերման հարցերով:
Խորհրդակցության հաջորդ քննարկված հարցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին է վերաբերել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե նախապատերազմյան շրջանում նոր ու ժամանակակից վերականգնողական կենտրոն կառուցելու վերաբերյալ տրված խոստումը ելնում էր առկա պայմանների բարելավման կարիքից, ապա այսօր այն դարձել է ժամանակի հրամայական: Քննարկվել են տեղի ընտրության և նախագծային աշխատանքների արագ իրականացման հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտամարմնային բեղմնավորման ծրագրի ընթացքի, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։