00:00:00

Արցախ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ․ Արցախի ԱԳՆ

02:45, 17 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ ի պատասխան «Արցախպրես» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջերս սոցիալական տարբեր հարթակներում եւ մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ օտարերկրյա քաղաքացիները խնդիրներ են ունեցել Արցախ մուտք գործելու հետ կապված, եւ այն մասին, որ մուտքի հետ կապված խոչընդոտները առաջացնում են ռուս խաղաղապահները՝ իբրեւ թե Ադրբեջանի կողմից թույլտվության բացակայության հետ պայմանավորված։ «Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։ Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։ Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա ընթացակարգը հստակ է եւ չի ենթարկվել որեւէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ եւ ստանում մուտքի արտոնագրերը Երեւանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաեւ փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որեւէ երրորդ երկրի»,- ասել է Ներսիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր