00:00:00

Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման վնասը 200 միլիոն դոլար է կազմել

01:46, 12 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում` բնակելի տների ավերման վնասը 200 միլիոն դոլար է կազմել։ Այս մասին փետրվարի 11-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը: Նա պարզաբանեց, որ նոյեմբերի 16-ից մինչ օրս շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ են տարվում մնացած բնակարանային ֆոնդը վերականգնելու, ինչպես նաեւ տարհանված քաղաքացիների համար թեթեւ կոնստրուկցիայի տներ տեղադրելու ուղղությամբ: Մարտակերտի շրջանի Քոլաթաղում 22 բնակելի շենքեր են կառուցվում: «Ամենաշատ հայտերը ստանում ենք հենց Մարտակերտի շրջանի բնակիչներից: Վերականգնման աշխատանքների ընթացքում նախ տեղադրվում են պատուհաններ եւ ջեռուցման համակարգ, որից հետո արդեն աշխատանքներ են տարվում տների ներքին հարդարման ուղղությամբ: Համագործակցում ենք ավելի քան 90 կազմակերպությունների հետ: Օգնություն են ցուցաբերում նաեւ ռուսական կողմը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ առանձին բարերարներ»,- հավելեց Դանիելյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռային եւ հրետանային զենք եւ ավիացիա, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ նշանառության տակ վերցնելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր