00:00:00

Նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել Արցախի բնակարանաշինության ծրագրերում. Արտակ Բեգլարյան

02:30, 09 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Պատերազմից հետո Արցախ վերադարձողների, տեղահանվածների, նրանց սոցիալական խնդիրների, իրականացվող հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ։ Այս մասին գրում է Hetq.am-ը։
Նոյեմբերի 10-ից հետո Արցախ է վերադարձել 100 հազարից ավելի քաղաքացի, մոտ 40 հազար արցախցի գտնվում է հիմնականում Հայաստանում։ Նրանց մեծամասնությունը տեղահանվածներ են։ Աշխատանքներ են տարվում Արցախում առկա, կիսավեր բնակֆոնդի վերականգնման ուղղությամբ, որպեսզի տեղահանվածներին արագ ընդունեն։ Արցախ չվերադարձողների մի մասն էլ տուն ունի, բայց անորոշությամբ պայմանավորված՝ չի վերադառնում։
Արտակ Բեգլարյանը նկատում է, որ անվտանգության առումով նոյեմբերի կեսից հետո որոշակիացում կա, բայց Արցախի կարգավիճակի անորոշ ապագայով պայմանավորված՝ մարդիկ դեռ երաշխիքների խնդիր են տեսնում։ Այդուհանդերձ, շատերն իրենց կյանքը երկարաժամկետ կտրվածքով Արցախում են տեսնում։
Առաջիկայում հազարավոր տներ կառուցելու ծրագրերը կմեկնարկեն, կվերակառուցվեն նաև եղած կիսավեր տները, որոնք երկար ժամանակ չեն բնակեցվել։ Քաղաքներում բնակված և տեղահանված անձանց մեծ մասը ցանկանում է վերաբնակեցվել Ստեփանակերտում, բայց Արցախի իշխանությունները խրախուսում են շրջաններում մարդկանց վերաբնակեցումը։ Մեծածավալ շինարարության համար ֆինանսական միջոցների և աշխատուժի խնդիր կա Արցախում։ Արտակ Բեգլարյանը կարծում է, որ պատերազմից երեք ամիս անց Արցախը պետք է մեծ շինհրապարակի վերածված լիներ, սակայն չեղավ։ «Գլխավոր խնդիրը ֆինանսական ռեսուրսների պակասն է կամ գրեթե բացակայությունը, քանի որ նոյեմբերից առ այսօր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել բնակարանաշինության ծրագրերում, որը պետք է առաջին հերթին լիներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարներով։ Հիմնադրամում եղած ինչ-ինչ խնդիրներով ու դանդաղ բյուրոկրատիայով պայմանավորված՝ ֆինանսական ռեսուրսները չեն ուղղորդվել, հոսել Արցախ»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր