00:00:00

Արցախի տարածքում մեկ շաբաթում արձանագրվել է հրդեհի 16 դեպք․Արցախի ԱԻՊԾ

18:35, 08 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

2021 թվականի փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 735 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 335-ով: Անցած 7 օրերի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպք չի արձանագրվել, փոխարենն ավելացել է հրդեհների մասին կանչերը: Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրդեհի մասին 16 դեպք: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 8-ով: Հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում, չոր խոտածածկույթում կամ աղբակույտերում: Սոցիալ-կենցաղային շինությունում գրանցվել է մեկ դեպք,ևս մեկը՝ բնակելի տարածում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորական ջոկատները ամենօրյա աշխատանքով շարունակում են Հանրապետության տարածքը մաքրել պատերազմի հետքերից: Անցած շաբաթվա ընթացքում զենք-զինամերքի մասով ահազանգման կենտրոնում գրանցվել է 45 կանչ: Չպայթած և վտանգ ներկայացնող զինատեսակների հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին: Նշենք, որ բնակավայրերում այդ աշխատանքները հիմնականում ավարտված են: Ինժեներահետախուզական գործընթացն այժմ շարունակվում է լեռնաանտառային գոտիներում, արոտավայրերում և գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում: Ստացվել է կենցաղային 20 կանչ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթափոխերի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են նաև հոգեբանական և անհատական խորհրդատվություններ: Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են զոհված կամ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1357 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձանց մարմիններ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր