00:00:00

«Էրդողանը Կարսի զորավարժություններով կոնկրետ խնդիրներ է լուծում»․ Ստանիսլավ Տարասով

14:18, 21 հունվար 2021 Աշխարհ

Փետրվարի 1-ից 12-ը Հայաստանի հետ սահմանակից Կարս նահանգում տեղի կունենան «Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, Regnum-ում հրապարակված հոդվածում գրում է Ստանիսլավ Տարասովը՝ վկայակոչելով թուրքական Anadolu կառավարական գործակալությանը, որի հաղորդմամբ՝ զինավարժությունները վերջին մի քանի տարիների ընթացքում լինելու են ամենամեծը։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է համատեղ հարձակողական գործողությունների մշակում, այդ թվում՝ դեսանտագրոհային։ Պայմանական մարտերում կներգրավվեն տանկային և հրետանային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարներ: Ավելին, թուրքական կողմը զինավարժույթուններին մասնակցելու է հրավիրել նաև Պակիստանին։ Այստեղ առկա են բազմաթիվ տարօրինակ և խորհրդանշական երևույթներ։ Նախ՝ «Ձմեռ 2021» զորավարժություններն անցկացվում են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո։ Երկրորդ, եթե երկու «եղբայրական բանակները» ոչ մի կերպ չեն կարողանում Լեռնային Ղարաբաղի պատերզմից հետո բաժանվել միմյանցից, ապա կարող էին իրենց զորավարժություններն, ասենք,  ներքին Անատոլիայում անցակացնել։ Առավել ևս, որ Անկարան ակնարկում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Իսկ Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ երկխոսություն է վարում տնտեսական և տարածքային խնդիրների լուծման ուղղությամբ, գրում է վերլուծաբանը։ Կարիք չկա երկար մտածել՝ ում են Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններին որպես պայմանական հակառակորդ դիտարկելու։ Ի՞նչն է խնդիրը։ Բաքվում փորձագետները սկզբունքորեն համակարծիք են, որ «Ձմեռ-2021» զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունն այժմ այնքան էլ ձեռնտու չէ: Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցությունից հետո մերժել իր թուրք գործընկեր Էրդողանին։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ սա խորհրդանշական որոշում է։ Սակայն ինչո՞ւ են զորավարժությունների մասնակցելու համար հրավիրել նաև Իսլամաբադին․ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմական դաշինքի՝ այս տարածաշրջանում հայտնվելը զգոնություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում։ Վերլուծաբանի խոսքով՝ Էրդողանը Կարսի զորավարժություններով կոնկրետ խնդիրներ է լուծում։ Բանն այն է, որ նրա գլխավոր ներքաղաքական դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը համարել է «վերջին տասնամյակների թյուրքական աշխարհի գլխավոր ձեռքբերումը» և Էրդողանին խորհուրդ է տվել «ներքաղաքական սուր խնդիրների լուծման համար առավելագույնը քաղել դրանից»։ Խոսքը թուրքերի քաղաքական գիտակցության մեջ «մեկ ազգ, երկու պետություն» (Թուրքիա և Ադրբեջան) հայտնի թեզի ակտիվ առաջխաղացման մասին է։ Այնուամենայնիվ, հակառակ Էրդողանի մերձավորների կանխատեսումների՝ ԼՂ-ում հաղթանակը չի ավելացրել նախագահի վարկանիշը։ Տարասովի խոսքով՝ Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց կորցրած շրջանները և նոր քաղաքական որակի երկխոսության դուրս եկավ Ռուսաստանի հետ, իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան, որը չընդգրկեցին նույնիսկ ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածության մեջ, որի պատճառով փոխվեց Անդրկովկասի ուժերի հավասարակշռությունը: Առավել ևս ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից և նրա հայտարարություններից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել։ Վերլուծաբանը վկայակոչել է նաև օրերս թուրքական Sabah պարբերականի հոդվածը, որում նշում է Բայդենի նախընտրական հայտարարություններից մեկը, որում նա հայտարարել էր, թե «քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, ԱՄՆ-ն չի կարող վերահսկել Թուրքիային, ուստի Էրդողանին պետք է տապալել»։ Թերթի գնահատմամբ՝ Բայդենը, պարզվում է, ի դեմս Թուրքիայի ընդդիմադիր ուժերի, նույնիսկ գործընկերներ է գտել։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որը նախկինում Էրդողանի մերձավոր համախոհն էր, իսկ այժմ նրա ընդդիմախոսը, օրերս հայտարարել է, որ նրան «դուրս են վռնդելու իշխանությունից»։ Ընդ որում, Դավութօղլուն օգտագործել է արաբական tasfiye բառը, որը թարգմանվում է որպես «վերացնել», «հեռացնել»՝ չհստակեցնելով արդյոք խոսքը ֆիզիկապես հեռացնելու մասին է։ Էրդողանը վտանգ է զգում և փորձում է բանակը պահել մշտական լարվածության մեջ, իսկ երկրում մշակել թյուրքական ազգայնականության գաղափարը։ Հենց այս համատեքստում են ընկալվում «Ձմեռ 2021» ոչնչով առանձնապես չհիմնավորված զորավարժությունները, որով Թուրքիայի խնդիրները, միևնույն է, չեն լուծվի։ Ի դեպ, պատահական չէ, որ զորավարժությունների նախաշեմին Էրդողանը հայտարարել էր, որ «ամսվա վերջին Անկարան ու Մոսկվան կքննարկեն հարցերի մեծ շրջանակ, այդ թվում՝ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հարցերը, С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումը»։ Մեկնաբանելով այդ երկրում ստեղծված իրավիճակը՝ թուրքական Cumhuriyet պարբերականը թուրքական դիվանագիտության աշխատանքը որակել է «նյարդային ջղաձգումների պայմաններում ծայրահեղությունից ծայրահեղություններ արված քայլեր»։ Թերթի կարծիքով՝ «եթե Սիրիայում Ասադին տապալելու նպատակը սխալ է, Անկարան պետք է համաձայնության գա Դամասկոսի հետ։ Որպեսզի Լիբիայի հետ համաձայնագիրն արդյունք տա, պետք է աշխատել ծովային սահմանների և Միջերկրական ծովի այլ երկրների, օրինակ՝ Իսրայելի, Եգիպտոսի հետ համանման համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, պետք է երկխոսություն սկսել Հայաստանի հետ, այլ ոչ թե նրա սահմանների մոտ զենք ճոճել։ Պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ համաձայնության գալու սխալ մոտեցումից և դա օգտագործել ԱՄՆ-ի հետ առևտրում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր