00:00:00

Իրավապահները փնտրում են ԵԿՄ անդամին սպանողին. ՔԿ-ն մանրամասնում է

19:15, 24 ապրիլ 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵԿՄ Էջմիածնի կառույցի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած  վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Նվեր Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ  արձանագրվել է  սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ: Քրեական գործով Ն.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր