00:00:00

ԱՍՀ նախարարությունը 6․5 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառում ունեցող շուրջ 90,000 քաղաքացու

01:51, 26 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 6․5 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառում ունեցող շուրջ 90,000 քաղաքացու, ովքեր փաստացի շահառուների գրեթե 98 %-ն են կազմում։  Ծրագրի ընթացիկ տվյալներն ամփոփել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Հետպատերազմյան իրավիճակում նախարարության աշխատակազմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորման գործում։ Կառավարության որոշմամբ՝ ունենք սոցիալական աջակցության 15 միջոցառում, որոնք հիմնականում ուղղված են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը»,- նշել է նախարարը։ Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ արցախցիների աջակցության երկրորդ ծրագրով՝ հնարավոր 30 հազար շահառուից 5 հազարն արդեն ստացել է 300 հազար դրամ աջակցություն։ Իսկ Հայաստանի սահմանամերձ համայնքների այն բնակիչներին, որոնց անշարժ գույքը պատերազմի ընթացքում վնասվել է, հատկացվել է ընդհանուր շուրջ 50 մլն դրամի փոխհատուցում: Այսօրվանից կմեկնարկի նաև արցախցիների հյուրընկալության երկու ծրագիր. արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները յուրաքանչյուր չափահաս անձի համար կստանան 30,000 դրամ՝ ՀՀ-ում, 45,000 դրամ՝ Արցախում: Հունվարից կմեկնարկի նաև արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված 2 ծրագիր․ առաջինի շրջանակում գործատուի մոտ պրակտիկա անցնող արցախցին կստանա 100,000 դրամ, իսկ համայնքներում հասարակական աշխատանքներում ներգրավվելու դեպքում՝ օրական 8,000 դրամ:
Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝  նախարարությունը գործարկել է դիմում-բողոքների արագ արձագանքման հարթակ, որի միջոցով սոցիալական աջակցություններում չընդգրկված քաղաքացիների դիմումները կրկնակի կստուգվեն․ «Կան դեպքեր, օրինակ, երբ մարդիկ փաստացի բնակվել են տվյալ տարածքում, սակայն ունեցել են փաստաթղթային որոշակի խնդիրներ: Դրանք էլեկտրոնային տարբերակով դիտարկելու ենք Արցախի մեր գործընկերների հետ, և կրկնակի ստուգման արդյունքում որոշում է կայացվելու»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ Հայաստանի համաֆինանսավորմամբ Արցախի կառավարությունը փոխհատուցում է կոմունալ ծառայությունների վճարման ծախսերը (էլեկտրաէներգիա և գազ)՝ 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար․ ծրագիրը կշարունակվի նաև 2021 թվականի համար: «Բացի այդ, Արցախի բնակիչներին կենսաթոշակների և նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում` 940 միլիոն դրամի չափով: Շահառուներն աջակցությունը ստանում են և՛ Հայփոստի, և՛ Արցախփոստի միջոցով, ընդ որում՝ նրանց մեծ մասը գումարն Արցախփոստից է ստացել։ Մեր վերլուծությունների համաձայն՝ Արցախում մշտական բնակավայր ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնց կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ»,- ասել է Առաքելյանը։ Նախարարը ներկայացրել է նաև Արցախ այցելության ընթացքում ստացած տպավորությունները՝  վստահեցնելով, որ վերադարձած արցախցիները շարունակում են ապրել՝ ստեղծելու, արարելու պատրաստակամությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր