Ոստիկաններին ու նրանց ղեկավարներին ասել եմ, որ չի կարելի բիրտ ուժ կիրառել եւ անթույլատրելի է նման պահվածքը, որովհետեւ մարդիկ օրինական ակցիա էին անում եւ գալիս էին հանրապետության հրապարակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նրանք գալիս էին այստեղ՝ շարունակելու իրենց նստացույցը, ինչի իրավունքն ունեինք։ Որեւէ զգուշացում չի եղել, որ փողոցը բացեն, ընդամենը 1-2 րոպե է Ամիրյան փողոցը փակվել եւ առանց զգուշացնելու նման ուժ են կիրառում։ Կրկնաի անթույլատրելի է, որ ոստիկանությունն է նման բան անում՝ հողատուի հրամանով։ Նրանք պետք է պահպանեն Հայաստանի կայունությունը, անվտանգությունը, հասարակական կարգը, այլ ոչ թե ծառայեն այս հողատուին։ Այսօր իրենց պահվածքը հակաօրինական է եւ անթույլատրելի։ Եթե նրանք ոգեւորվել են նրանից, որ այս պահին քիչ մարդ կա։ Այսինքն` նրանց համար կարեւորը ոչ թե օրենքն է, այլ եթե շատ են լինում, թույլ են տալիս, իսկ եթե շատ չեն լինում, արդեն կարելի է մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառե՞լ։ Մեկ է սա գնալու է, եւ նրանք էլ լավ գիտեն։ Եթե նրանց դուրը գալիս է, որ մեր պետության ղեկավարն Ալիեւի առաջ կզած մեկն է, ես ի՞նչ ասեմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ փողոց փակած քաղաքացիները որեւէ անօրինական բան չեն արել։