00:00:00

Ոսկին թանկանում է Brexit-ի շուրջ սպասումների պատճառով արժեզրկված դոլարի ֆոնին

15:57, 24 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է արժեզրկված դոլարի պատճառով, Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ առեւտրային համաձայնության վերաբերյալ լավատեսությունը զսպում է ամերիկյան արժույթը եւ մեծացնում հակվածությունը ռիսկին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,08 տոկոսով կամ 1,55 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1879,65 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,11 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,95 դոլարի: Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի առեւտրային գործարքի շուրջ լավատեսության պատճառով շուկայում դիտվում է թրեյդերների հակվածություն ռիսկին: Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ ապագա գործընկերության շուրջ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցությունները հիմա ավարտական փուլում են: Լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել էին, որ կողմերը առեւտրային գործարք կնքելու մասին, հավանաբար, կհայտարարեն հինգշաբթի առավոտյան: Դրա պաատճառով ամերիկյան դոլարը, որն ավանդաբար համարվում է ավելի հուսալի ակտիվ, էժանանում է: Արդյունքում ոսկին ավելի մատչելի է դառնում այլ արժույթով գնելու դեպքում, եւ դա դրական է ազդում մետաղի գնի վրա: Չնայած ոսկին նույնպես հուսալի ակտիվ է համարվում, բայց տարվա սկզբից մետաղը արդեն 20 տոկոսով թանկացել է համավարակի ռիսկերի պատճառով: Հիմա ոսկու համար հիմնական գործոններից մեկն է մնում դոլարի փոխարժեքը: Ներդրողները դրա հետ մեկտեղ շարունակում են հետեւել կորոնավիրուսի շուրջ իրավիճակին: ԱՀԿ տվյալներով՝ համավարակի ամբողջ ժամանակաշրջանում աշխարհում վարակումների թիվը հասել է 76,8 միլիոնի, որից ԱՄՆ-ին բաժին է ընկնում գրեթե 18 միլիոնը, իսկ եւս 10 միլիոնը՝ Հնդկաստանին: Մի շարք երկրներում վարակման դեպքերի օրական աճի տեմպերը շարունակում են մնալ առավելագույնին մոտ: Ընդ որում՝ պատվաստանյութի սպասումները հույս են տալիս, որ կհաջողվի համավարակը վերահսկողության տակ վերցնել, ինչը պետք է աջակցի տնտեսության վերականգնմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր