00:00:00

Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող 5 տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ

15:06, 18 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են: «Վնասված տների հաշվառման գործընթացը շարունակվում է: Այդ երեք հազարը բնականաբար վերջնական թիվ չէ: Ստեփանակերտից բացի, Արցախի այլ վարչատարածքների ղեկավարները նույնպես հաշվառում են կատարում: Կարծում եմ, որ մեկ շաբաթից ընդհանուր պատկեր կունենանք»,-ասաց Ազատ Համբարձումյանը: Նշված ավելի քան երեք հազար տներից մոտ 1000-ի պարագայում մասնագետները ստուգումներ անցկացրել են: Նախարարի տեղակալը նկատեց, որ հիմնականում դրանք հնարավոր է վերականգնել և պիտանելի դարձնել բնակության համար: Այդ ստուգված հազար տներից միայն 20-ի պարագայում է, որ ամբողջությամբ քանդվել են, այդտեղ վերանորոգման աշխատանքների հնարավորություն չկա: Թեպետ հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, ամենևին չի նշանակում, որ վնասված տների վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ազատ Համբարձումյանի խոսքով, բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում: «Մի կողմից հաշվառում ենք, մյուս կողմից շինարարական աշխատանքներ ենք կատարում: Ամեն ինչ արվում է, որ գործընթացն արագ ընթանա: Բազմաթիվ տներ կան, որտեղ պատուհանները, դռներն են վնասվել, դրանք շատ արագ կարելի է կարգի բերել: Ասեմ, որ ներկայում 200-ից ավելի տների վերանորոգման, վերականգնման աշխատանքներ իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում»,- ասել է Ազատ Համբարձումյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն: Ազատ Համբարձումյանը նշել է, որ այս ուղղությամբ նույնպես տեղաշարժ կա: «Քաղաքաշինության նախարարությունն արդեն հինգ հատ նախնական պատվիրել է՝ տեսնելու, թե այդ տներն իրենցից ինչ են ներկայացնում, որ նոր սկսենք մասսայական կառուցումը»,-հավելել է նա:
Պատերազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են  վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, երկրորդ փուլում նախատեսված են ներքին հարդարման շինաշխատանքները։ Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր