Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել AS պարբերականին՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ այդ թվում հայ-ադրբեջանական պատերազմին:
«Բարդ էր․ մարզիչը փորձում է մոտիվացնել իր ֆուտբոլիստին՝ նպատակներին հասնելու համար, բայց մոտիվացնել մի խումբ մարզիկների, որոնք այլ առաջնահերթություններ ունեն, քանի որ սպորտը մղվել է 2-րդ պլան, չափազանց դժվար է: Կային անձնական իրավիճակներ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ունեին մտերիմներ, որոնք այդ ժամանակ կռվում էին ռազմաճակատում. հարազատներ, որոնք արդեն զոհվել էին, ծանոթներ, որոնք կռվում էին: Պատերազմի մեկնարկից հետո մեր հավաքի առաջին օրը կային ֆուտբոլիստներ, որ պարզապես չկարողացան զսպել արցունքները: Պետք է մտնեինք նրանց դրության մեջ, կարեկցեինք նրանց: Նրանք պետք է հասկանային, որ մենք այդ պահին նրանցից մեկն էինք: Մեզ հաջողվեց դառնալ մեկ ընտանիք: Մեզ ասում էին, որ մեր կյանքին ու անվտանգությանը ոչինչ չի սպառնում, բայց միևնույն է՝ միշտ էլ անհանգիստ ես»,- ասել է Կապառոսը:
Լրագրողը հարցրել է,թե հետաքրքրական է, որ զինադադարի կնքումից օրեր անց Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ տարավ, բայց նրանք իրենց պարտված էին համարում: Այս դիտարկմանը մարզիչը հետևյալ պատասխանն է տվել:
«Այո, դա այդպես էր. նրանք մեզ ասում էին, որ զինադադարի կնքման օրը Հայաստանի պատմության ամենատխուր օրն է: Սարսափելի էր ֆուտբոլիստներին տեսնել այդ տրամադրություններով: Ստիպված ենք եղել մի քանի մարզում հետաձգել: Այլ գործոններ էին գերակշռում, բայց ֆուտբոլն այդպիսին է. մի քանի ժամ անց մենք հաղթեցինք Վրաստանին, ինչը պատմական հաղթանակ էր Հայաստանի հավաքականի համար: Վրաստանը Հայաստանի սկզբունքային մրցակիցն է եղել, բայց երբեք չէին հաղթել նրանց: Կարողացանք մեծ ուրախություն պարգևել հայ ժողովրդին իրենց ամենածանր պահերին: Հետո արդեն հաղթեցինք Հյուսիսային Մակեդոնիային ու «ցատկեցինք» Ազգերի լիգայի B դիվիզիոն»,-ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը: