00:00:00

Փորձագետները կանխատեսում են դրամի հետագա արժեզրկում եւս 10-20 տոկոսով

00:30, 05 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Ներկայումս Կենտրոնական բանկն ակտիվորեն ինտերվենցիա է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից: Դա, ըստ էության, պետական ծախս է, բացի այդ, պահուստները եւս անչափելի չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այդ միջոցները երկարաժամկետ արդյունք չեն ունենա, եւ դրամի փոխարժեքը կշարունակի աճել, քանի որ բացասական գործոնները շարունակում են խորանալ. տնտեսական անկում, ներդրումների կրճատում (ուղիղ ներդրումների անկում 20 տոկոսով), պետական եկամուտների կրճատում, սպեկուլյացիա, քաղաքական ապակայունացում, բացասական սպասումներ: «Բացի այդ, բացառված չէ, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կսկսեն հանել իրենց դրամային դեպոզիտները եւ փոխանակել դրանք դոլարով, ինչը կարող է աղետալի հետեւանքների հանգեցնել: Ներկայիս իշխանություններն այդ խնդիրը լուծել չեն կարող, քանի որ ղեկավարվում են բացառապես իրենց նեղ կուսակցական եւ անձնական շահերով, իսկ նրանց կողմից ընդունված որոշումների հիմքում ընկած է ոչ թե իրավիճակի օբյեկտիվ գնահատական, այլ բացարձակ պոպուլիզմ: Դրամի փոխարժեքի շարժը կախված է նրանից, թե ինչ հրաման կտա վարչապետը Կենտրոնական բանկին, եւ կախված է նաեւ պահուստային պաշարներից»,-նշեց փորձագետը: Իր հերթին, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես իրեն կդրսեւորի դրամի փոխարժեքը: «Դրամի փոխարժեքի վրա լուրջ զսպող ազդեցություն է գործում ԿԲ-ի քաղաքականությունը: Դրամի արժեզրկումը, անկասկած, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանում դոլարացումը կազմում է 50-55 տոկոս, օրինակ, դեպոզիտային հաշիվների տեսքով, եւ դրամի փոխարժեքը կախված է նաեւ այդ ցուցանիշից: Ցնցումների ժամանակ մարդիկ սկսում են դրանք փոխանակել: Սուբյեկտիվ գործոնների դեպքում դրամի արժեզրկումը կանխվում է ԿԲ-ի ինտերվենցիաներով: Սակայն ամենից հաճախ պատճառներն օբյեկտիվ են: Կարծում եմ՝ փոխարժեքի նվազեցումը կլինի էական, սակայն ոչ աղետալի. ներկայիս ցուցանիշից արժեզրկում 10-20 տոկոսով, ոչ ավել»,-նշեց նա: Միքայելյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կախված է արտաքին առեւտրային հավասարակշռությունից, այլ տնտեսական ցուցանիշներից, օրինակ՝ տուրիզմի ոլորտում, որի ցուցանիշները, քիչ հավանական է, որ կաճեն, ինչպես նաեւ քաղաքական կայունությունից, ինչը Հայաստանում չի նկատվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր