00:00:00

Պաշտպանության նախարարության կոլեգիան խորը մտահոգություն է հայտնել

19:25, 22 ապրիլ 2018 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան խորը մտահոգություն է հայտնում վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Կոլեգիան հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից եւ ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ ակներեւ է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձեւավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաեւ սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են։ Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան: Իշխանությունը զավթելու, պետական կառավարման համակարգի հիմնարկները արգելափակելու, տրանսպորտային երթուղիները խափանելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, բնականոն կյանքը խաթարելու փորձերն անխուսափելիորեն բերելու են մեր առջեւ ծառացած ռազմական մարտահրավերների սրմանը: Երկրի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բոլոր կառույցների ներդաշնակեցված եւ կայուն փոխգործակցություն: Կասկածից վեր է, որ հայկական բանակը ունակ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Սակայն հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա։ ՀՀ ՊՆ կոլեգիան չարտոնված զանգվածային միջոցառումների եւ հավաքների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ներքին անկայունության պատճառ դառնալ: Հայաստանի պաշտպանության առաքելությունն օրվա ցանկացած պահի անձնվիրաբար իրականացնում են մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ, որոնց վստահությունն ու հաստատակամությունը էապես կախված է նաեւ թիկունքում տիրող իրավիճակից, եւ գործողությունների խաղաղ բնույթ վկայակոչող կազմակերպիչները պետք է հիշեն ոչ միայն բուն ակցիայի վայրում դրա հետեւանքների, այլեւ առաջնագծում կանգնած մեր հրամանատարների եւ զինվորների համար ձեւավորվող վտանգների մասին»։ Վիգեն Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյան ԳՌՏ պետի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Արտակ Զաքարյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Փախչանյան ՀՀ ՊՆ տեղակալ- ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Արտակ Դավթյան ՀՀ ՊՆ տեղակալ Օնիկ Գասպարյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյան ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր