00:00:00

Աջափնյակում 45-ամյա ամուսինը կնոջը բռնացնելով սիրեկանի հետ՝ բռունցքով ծակել է կնոջ թմբկաթաղանթը

05:11, 22 ապրիլ 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ ավարտվել է Ջիվան Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 45-ամյա Ջիվան Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի օգոստոսի 17-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում մտնելով իրեն ու կնոջը՝ Ռիմա Մ.-ին (անունը փոխված է) համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան, այնտեղ տեսել է կնոջ հետ սիրային կապի մեջ գտնվող Գ. Հ.-ին: Ջիվան Ա.-ն, ըստ մեղադրանքի, տեսարանից վիրավորվելով, վիճել է կնոջ հետ, բռնություն է գործադրել՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, դեմքին ու մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ դեմքի արյունազեղումների, ինչպես նաև ձախ ականջի թմբկաթաղանթի վնասվածքային թափածակման ձևով: Ջիվան Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Դատարանում ամբաստանյալ Ջիվան Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե Ռիմայի հետ ամուսնացել է 2000 թվականին: Որոշ ժամանակ անց իր և կնոջ հարաբերությունները վատացել են: Իրենք պայմանավորվել են բնակվել նույն հարկի ներքո, բայց այլևս ամուսնական կյանք չվարել: Ինքը մշտապես կասկածել է, որ կինը դավաճանում է իրեն: Հենց դա էլ հանդիսանում էր իրենց մշտական վեճերի պատճառը: 2017 թվականի օգոստոսի 16-ին ինքը որդու հետ գտնվել է իրենց գյուղական տանը: Որոշել է վերադառնալ Երևան: Օգոստոսի լույս 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում հասնելով իրեն ու կնոջը պատկանող բնակարան՝ դրսի դռան մոտից տղամարդու ձայն է լսել: Որոշել է գազատար խողովակի օգնությամբ բարձրանալ ու հյուրասենյակի պատուհանից ներս մտնել: Այդպես էլ արել է: Երբ ներս է մտել ու ոտքը դրել է բազմոցին, աղմուկ է բարձրացրել, որը լսելով՝ կինը՝ Ռիման, ննջասենյակից մերկ վիճակում դուրս է եկել ու մոտեցել է դռանը: Ինքը Ռիմային մերկ տեսնելով՝ մոտեցել ու բռունցքով հարվածել է նրան: Ապա մտել է ննջասենյակ, անկողնում տեսել է մերկ տղամարդու: Նորից բռունցքով հարվածել է Ռիմային՝ չի հիշում՝ նրա մարմնի որ մասին է դիպել հարվածը: Ինքը փորձել է անկողնում գտնվող մերկ տղամարդուն գցել հատակին, բայց կինը բռնել է իր ձեռքից ու չի թողել: Ինքը փորձել է հեռախոսով նկարել տեսարանը: Կինն ու նրա սիրեկանը քաշքշել են իրեն, ցանկացել են հեռախոսը վերցնել իր ձեռքից: Ինքը ձևացրել է, թե հեռախոսով խոսում ու ինչ-որ մեկին հրավիրում է, որ գա ու տեսնի, թե ինչ է կատարվում: Նրանք լսելով իր խոսքերը՝ արագ հագնվել ու դուրս են եկել տանից: Ամբաստանյալը նշել է, որ կնոջը՝ Ռիմային հարվածել է երեք անգամ: Իսկ նրանց հեռանալուց հետո, երբ իր ինքնազգացողությունը վատացել է, գնացել է հարևանի տուն ու պատմել է կատարվածի մասին: Ամբաստանյալը նշել է, որ երբ բնակարան է մտել, այն թափթված էր՝ սեղանին գարեջրի երկու շիշ կար: Տանը միայն կինն ու նրա սիրեկանն էին, որևէ այլ մարդ, այդ թվում՝ կնոջ գործընկերուհին, բնակարանում չէր: Տուժող Ռիմա Մ.-ն, պատճառաբանելով, թե հարվածների հետևանքով վնասվել է ականջը, վիրահատության համար գումարի պահանջ էր ներկայացրել: Ամբաստանյալ Ջիվան Ա.-ն կնոջ ներկայացրած գումարային պահանջը անհիմն է համարել ու չի ընդունել: Տուժող Ռիմա Մ.-ն հայտնել է, թե Ջիվանի հետ ամուսնացել է 2000 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա: Ըստ Ռիմայի՝ 2015 թվականին իր ծնողներից նվիրատվությամբ ստացել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը, որի համասեփականատեր է դարձել նաև ամուսինը՝ Ջիվանը: Իրենց համատեղ կյանքը համերաշխ չի եղել: Որոշել են ամուսնալուծվել: Համաձայնության են եկել բնակվել նույն հարկի տակ, բայց ամուսնական կյանք չեն վարել: Դեպքի օրը Ջիվանն իրենց որդու հետ գտնվել է գյուղում: Ինքը դստեր ամուսնության առթիվ բնակարան է հրավիրել ընկերոջը՝ Գ.-ին, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել մոտ երկուսուկես տարի: Հրավիրել է նաև ընկերուհուն, ում հետ աշխատում է նույն հացատանը: Իրենք ճաշել են, երկու շիշ գարեջուր են խմել: Գտնվել են խոհանոցում, պատրաստվել են սուրճ խմել, երբ ձայն են լսել: Ինքը մոտեցել է դռանը: Այդ պահին Ջիվանը պատուհանից մտել է բնակարան՝ հյուրասենյակ, անմիջապես հարձակվել է իր վրա, բռունցքներով հարվածներ է հասցրել իր դեմքին ու գլխին: Ինքը հիմնականում վնասվածքներ է ստացել դեմքի ու ականջի շրջաններում: Ընկերը փորձել է միջամտել, թույլ չտալ, որ Ջիվանը հարվածի իրեն: Ընկերուհին էլ է խոհանոցում եղել, նա ասել է, թե տաքսի կպատվիրի, որ բոլորը միասին հեռանան: Տուժողն ասել է, թե չի կարող ասել՝ ամուսինն ինչու է հարձակվել իր վրա ու միանգամից հարվածներ հասցրել: Ինքը չի կարծել, որ նա այդ օրը կվերադառնա Երևան, բայց եթե իմանար էլ, որ գալու է, հյուրերին դարձյալ կհրավիրեր: Իր ընկեր Գ.-ն առաջին անգամ էր իր տանը: Տուժողը նշել է, թե ամուսնու հարվածներից վնասվել է իր ականջը, անհրաժեշտ է վիրահատություն, որի համար 100 հազար դրամ է պետք: Ռիմայի ընկերուհին ցուցմունք է տվել, թե դեպքի պահին ինքն էլ է եղել բնակարանում, գտնվել է խոհանոցում: Անմիջապես դուրս է եկել բնակարանից: Հնարավոր է՝ այդ պատճառով Ռիմայի ամուսինն իրեն չի տեսել: Ինքը տաքսի է պատվիրել, Ռիման ու Գ.-ն տանից նույնպես դուրս են եկել, իր պատվիրած տաքսիով որոշ տարածություն անցել են իր հետ, ապա իջել ու հեռացել են՝ ինքը չգիտի՝ ուր են գնացել: Ռիման հաջորդ օրը աշխատանքի չի ներկայացել, իրեն զանգել ու ասել է, որ ամուսնու ծեծի արդյունքում վնասվածքներ է ստացել: Նա աշխատանքի է ներկայացել տասն օր անց, նրա ստացած վնասվածքները դեռ ակնհայտ էին: Ռիման ասել է, թե ականջն էլ է վնասվել, բուժում է ստանում: Վկա Գ.-ն հայտնել է, թե Ռիման իր ընկերուհին է, նրան ճանաչում է մոտ երեք տարի: Միասին աշխատել են: Ռիման ասել է, թե ամուսնալուծված է, բայց ամուսնու հետ նույն բնակարանում են ապրում: Դեպքի օրը Ռիման իրեն ու ընկերուհուն հրավիրել է իր տուն՝ դստեր ամուսնության առթիվ: Ռիմային այցելել են ժամը 23-ի սահմաններում, ընթրել են, հետո պատրաստվել են սուրճ խմել խոհանոցում: Այդ ժամանակ հյուրասենյակի պատուհանից մտել է մի տղամարդ, հարվածներ է հասցրել Ռիմային՝ մեղադրելով դավաճանության համար: Ինքը փորձել է միջամտել: Այնուհետև Ռիմայի հետ դուրս է եկել բնակարանից… Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ջիվան Ա.-ի խնամքին է մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա: Դատարանը հաշվի է առել, որ Ջիվան Ա.-ն կնոջը սիրեկանի հետ տեսնելով՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է հոգեճնշված վիճակում, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը: Ջիվան Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և դատապարտվել է 70 հազար դրամ տուգանքի: Տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ տուժողին իրավունք վերապահելով պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով: Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր