- Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են:
- Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունը: Կարևոր է, որ այս փաստով արդեն իսկ նախաձեռնվել է քննություն:
- Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ահազանգեր ստանալ ծնողներից կապված իրենց երեխաների պաշտպանվածության հետ: Հատկապես անհանգստացնող են ծնողների մտահոգությունները՝ կապված իրենց երեխաների գտնվելու վայրերի ու նրանց անվտանգության հետ:
- Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում դրանցում առկա են բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում են ատելության խոսքի ու բռնության կոչերի: Այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում է բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ է արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների:
- Առանձին դեպքերում արձանագրվել են նաև այնպիսի հրապարակումներ, որոնք ներկայացված են՝ որպես հաստատված փաստեր և հիմնված են միայն մի կողմի հայտարարությունների վրա: Նկատվել են նաև չստուգված տեղեկությունների հիման վրա արվող հրապարակումներ: